Bankomat

Փաշինյանն ու Մակրոնը տնտեսական համագործակցությունն ընդգծել են որպես ռազմավարական առաջնահերթություն

Լուրեր|2026/09/10 09:00
Փաշինյանն ու Մակրոնը տնտեսական համագործակցությունն ընդգծել են որպես ռազմավարական առաջնահերթություն

Ելիսեյան պալատում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունն ու Բարգուշատի թունելի նախագիծը։

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Մինչ բանակցությունները կայացել է վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին համապատասխան։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ տիեզերական ոլորտում համագործակցության խորացումը և նշել, որ Հայաստանը շահագրգռված է այս ուղղությամբ ավելի առարկայական գործընկերությամբ։

Զրուցակիցները շեշտել են, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այդ համատեքստում նրանք առանձնացրել են Հայաստանի կառավարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը։

Հանդիպման ընթացքում արձանագրվել է նաև, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները մտել են առարկայական փուլ։ Կողմերը կարևորել են շինարարության հնարավորինս շուտ մեկնարկը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերը ընդգծել են խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի հետևողական իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից պաշտոնական ընթրիք է տրվել՝ ի պատիվ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ