
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում գազի գինը սպառողի համար էժան չէ, և այդ հարցում կարևոր դեր ունի սահմանից մինչև վերջնական սպառող գնագոյացման շղթան։ Նրա խոսքով՝ այլ երկրների համեմատ հենց այդ հատվածում Հայաստանում գրանցվում է ամենամեծ հավելաճը։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշել է, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը շահութաբեր է, և այդ փաստը պետք է արձանագրվի։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր են դիվերսիֆիկացնել բոլոր այն ոլորտները, որտեղ դա հնարավոր է։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է զարգացնել իր անկախությունն ու պետականությունը, և այդ տրամաբանության մեջ դիտարկվելու են նաև էներգետիկ այլընտրանքները։ Նա ասել է, որ եթե Ռուսաստանը բարձրացնի գազի գինը, ապա Հայաստանը ևս կդիտի, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել իր կողմից։
Փաշինյանն ընդգծել է, որ եթե հնարավոր լինի գազ ներմուծել երկրորդ, երրորդ կամ չորրորդ ուղղությունից, ապա Հայաստանը կգնա այդ ճանապարհով։ Նրա խոսքով՝ եթե TRIPP-ի շրջանակում գազամուղ անցկացնելու հնարավորություն լինի, այդ տարբերակն էլ կքննարկվի։
Աղբյուր՝ mediamax.am
