Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ TRIPP-ի իրականացումը կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական միջավայրի վերափոխման առանցքային գործոն։ Այդ մասին նա հայտարարել է Երևանում անցկացված առաջին Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման և տարածաշրջանային կապուղիների հեռանկարներին։
Փաշինյանն ընդգծել է, որ համաժողովը տրամաբանական շարունակությունն է այս տարվա մայիսին ստորագրված՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության ռազմավարական գործընկերություն հաստատող հուշագրի։ Նրա խոսքով՝ նման ձևաչափերի նպատակը կառավարությունների միջև արձանագրված քաղաքական կամքը գործնական կյանքի վերածելն է՝ այն դարձնելով ամենօրյա տնտեսական համագործակցության մաս։
Վարչապետը նշել է, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները հաճախ ավելի արագ են նկատում նոր հնարավորություններն ու հեռանկարները, քանի որ կաշկանդված չեն պաշտոնական պարտականությունների շրջանակով։ Նա հույս է հայտնել, որ համաժողովում հնչած գաղափարները կանցնեն հաջորդ փուլ և կվերածվեն կոնկրետ պայմանավորվածությունների։
Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը և ամբողջ տարածաշրջանը փոփոխությունների փուլում են՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրանից բխող զարգացումների հետ։ Նրա խոսքով՝ կառավարությունն ամենօրյա աշխատանք է տանում, որպեսզի TRIPP նախագիծը գործարկվի տեղում, իսկ արդեն այժմ նկատվում է Հայաստանի շուրջ ներդրումային հետաքրքրության որոշակի աճ։
Վարչապետը նաև ասել է, որ մոտ ապագայում, TRIPP-ի հետ կապված զարգացումներին զուգահեռ, ակնկալվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, ապա՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա երկաթուղային կապերի գործարկում։ Նա անդրադարձել է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապի ստեղծմանը, Հյուսիս-հարավ ավտոճանապարհային նախագծի իրականացմանը և երկաթուղուն զուգահեռ արևելք-արևմուտք ճանապարհների բացմանը։
Աղբյուր՝ www.pan.am
