Bankomat

Փաշինյանը TRIPP-ը կոչել է տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխող նախագիծ

Լուրեր|2026/10/06 14:01
Փաշինյանը TRIPP-ը կոչել է տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխող նախագիծ

Վարչապետը Երևանում հայ-բրիտանական բիզնես համաժողովում խոսել է ներդրումների և տարածաշրջանային կապերի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որը առաջին անգամ անցկացվել է Երևանում։ Իր ելույթում նա նշել է, որ համաժողովը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև այս տարվա մայիսին ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատման հուշագրի։

Փաշինյանի խոսքով՝ նման ձևաչափերը պետք է քաղաքական մակարդակում ձեռք բերված համաձայնությունները վերածեն գործնական արդյունքի։ Նա ընդգծել է, որ բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ավելի արագ են տեսնում նոր հնարավորություններն ու հեռանկարները, և հույս հայտնել, որ քննարկումները կհանգեցնեն կոնկրետ պայմանավորվածությունների։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը և ամբողջ տարածաշրջանը տրանսֆորմացիայի փուլում են, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրանից բխող գործընթացների հետ։ Նրա խոսքով՝ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է TRIPP նախագծի մեկնարկը գործնական փուլ տեղափոխելու ուղղությամբ, և այդ նախագիծը կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխող անկյունաքար։

Փաշինյանը նշել է, որ արդեն այժմ զգացվում է Հայաստանի շուրջ ներդրումային հետաքրքրության ակտիվացում, իսկ TRIPP-ը կարող է բերել նոր ծրագրեր և ուժեղացնել ներդրումային գրավչությունը։ Նա նաև ասել է, որ նախագծի զարգացումների հետ մեկտեղ սպասվում են Հայաստան-Թուրքիա սահմանի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացման հետ կապված զարգացումներ։

Վարչապետը խոսել է նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի, հյուսիս-հարավ ճանապարհային նախագծի, ինչպես նաև արևելք-արևմուտք ճանապարհային ուղղությունների մասին՝ հիշեցնելով, որ դրանք տեղավորվում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նրա խոսքով՝ զուգահեռ քննարկվում են նաև նավթամուղի, գազամուղի և էլեկտրահաղորդման գծերի հնարավորությունները։

Փաշինյանի գնահատմամբ՝ այս ամենը տրանսպորտային առումով ավելի է մոտեցնում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը և ստեղծում է նոր տնտեսական հնարավորություններ։ Նա նաև հիշեցրել է, որ նախորդ հինգ տարիներին Հայաստանի տնտեսական աճը միջինում կազմել է 7.9%՝ գերազանցելով նախապես նախատեսված 7% ցուցանիշը։

Աղբյուր՝ tert.am

Տարածել

Կարդացեք նաեվ