Bankomat

Փաշինյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի տիեզերական զարգացման ծրագրերը

Լուրեր|2026/09/10 17:02
Փաշինյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի տիեզերական զարգացման ծրագրերը

Վարչապետը հայտարարել է նոր արբանյակների, գետնային ենթակառուցվածքների և AI էկոհամակարգի զարգացման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որտեղ ներկայացրել է Հայաստանի տիեզերական և գիտատեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները։ Այդ մասին հայտնել է Կառավարության լրատվական ծառայությունը։

Գագաթնաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այնուհետև Փաշինյանը մասնակցել է «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը և իր ելույթում նշել, որ Հայաստանը մտել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։ Նրա խոսքով՝ 2022 թվականին Հայաստանը արձակել է իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ 2023 թվականին հաջորդել է HAYASAT-1-ը, որը, վարչապետի բնորոշմամբ, հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։

Վարչապետի խոսքով՝ 2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրը տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Նախատեսվում է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման, մեկը՝ հեռահաղորդակցության համար։ Զուգահեռաբար, Հայաստանը մտադիր է զարգացնել սեփական գետնային ենթակառուցվածքները և ներքին կարողությունները արբանյակների կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության ուղղություններով։

Փաշինյանը նաև հայտնել է, որ Հայաստանը նախատեսում է ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կսպասարկի ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև կարող է աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։

Նրա գնահատմամբ՝ հաջորդ փուլում Հայաստանը ցանկանում է ավելի ակտիվ մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներգրավվել բարդ համակարգերի ու սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ, որոնք նախատեսված են տիեզերական հետազոտությունների համար։

Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ գիտական ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները դասում է ռազմավարական առաջնահերթությունների շարքին։ Այդ ուղղությունները ներառում են Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակային իրազեկությունը, նավիգացիոն տեխնոլոգիաները և այլ զարգացող ոլորտներ։

Ելույթում առանձին շեշտադրվել է տիեզերքի և արհեստական բանականության միջև կապի ուժեղացումը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում մշակվում է «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգը, որի նպատակը առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ ձևավորելն է՝ հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը աջակցելու համար։ Այս համատեքստում նա նշել է, որ վերջերս Հայաստանում բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։

Վարչապետը կարևոր բաղադրիչ է համարել նաև Ակադեմիական քաղաքը, որը Հայաստանը զարգացնում է որպես նոր ակադեմիական և հետազոտական էկոհամակարգ։ Նրա խոսքով՝ այս հարթակը պետք է միավորի համալսարաններին, հետազոտական հաստատություններին, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածին՝ կրթության, գիտության և արդյունաբերության միջև ավելի ամուր կապեր ձևավորելու համար։

Ելույթի ավարտին Փաշինյանը նշել է, որ համաշխարհային տիեզերական տնտեսության ընդլայնումը պետք է ուղեկցվի դրա առավելություններին ավելի լայն հասանելիությամբ։ Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ներդրումներ անել գիտության և մարդկային կապիտալի մեջ, ինչպես նաև ամրապնդել միջազգային գործընկերությունները, որպեսզի տիեզերական գիտությունը, տեխնոլոգիաները և տվյալները ծառայեն կայուն զարգացմանն ու ավելի լավ ապագայի ձևավորմանը։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ