Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են ապագայի տիեզերական ենթակառուցվածքների զարգացման ուղղությունները։ Միջոցառման բացմանը ելույթ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, իսկ գագաթնաժողովին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Վարչապետը մասնակցել է «Ապագայի տիեզերական ենթակառուցվածքի տեսլականը» թեմայով պանելային քննարկմանը և հայտարարել, որ Հայաստանը մտել է ազգային տիեզերական հնարավորությունների զարգացման նոր փուլ։ Նրա խոսքով՝ 2022 թվականին Հայաստանը գործարկել է իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը ստեղծվել է եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ և ուղեծիր է դուրս բերվել SpaceX-ի միջոցով։
Փաշինյանը նշել է, որ մեկ տարի անց արձանագրվել է ևս մեկ կարևոր հանգրվան. ուղեծիր է դուրս բերվել HAYASAT-1-ը՝ առաջին հայկական արբանյակը, որն ամբողջությամբ հավաքվել և փորձարկվել է հայ մասնագետների կողմից։
Նրա ներկայացմամբ՝ Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրում ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանվել է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ Երկրի դիտարկման համար նախատեսված երկու և մեկ հեռահաղորդակցական արբանյակ, միաժամանակ զարգացնելով սեփական ցամաքային ենթակառուցվածքը և արբանյակների կառավարման, տվյալների ընդունման, մշակման ու վերլուծության ներքին կարողությունները։
Վարչապետի խոսքով՝ նախատեսվում է նաև ստեղծել ցամաքային կայանների բաշխված ցանց, որը կսպասարկի այդ ենթակառուցվածքները։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է բավարարել ոչ միայն երկրի ներքին պահանջարկը, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արձագանքել արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։
Փաշինյանը հավելել է, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ցանկանում է ավելի ակտիվ ներգրավվել միջազգային տիեզերական ծրագրերում՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին մասնակցել տիեզերքի ուսումնասիրման համար բարդ համակարգերի և սարքավորումների նախագծմանը, մշակմանը և արտադրությանը։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը տիեզերական և աերոտիեզերական տեխնոլոգիաները դասում է ռազմավարական առաջնահերթությունների շարքը։ Այդ ուղղություններում ներառված են Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակի իրազեկվածությունը, նավիգացիոն տեխնոլոգիաները և այլ հեռանկարային ոլորտներ։
Առանձին անդրադառնալով արհեստական բանականությանը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը հաշվի է առնում տիեզերքի և AI-ի միջև աճող փոխկապակցվածությունը։ Այդ համատեքստում մշակվում է ավելի լայն ազգային «Արհեստական բանականության գործարան» հայեցակարգ, որի նպատակն է ձևավորել առաջատար հաշվարկային և AI կարողությունների էկոհամակարգ՝ գիտահետազոտական, նորարարական և տեխնոլոգիական զարգացմանն աջակցելու համար։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում վերջերս բացվել է Firebird արհեստական բանականության գործարանը, որը ստեղծվել է NVIDIA-ի հետ գործընկերությամբ։ Նա նաև նշել է Ակադեմիական քաղաքի նախաձեռնությունը՝ որպես նոր ակադեմիական և հետազոտական էկոհամակարգի կարևոր բաղադրիչ, որը պետք է միավորի համալսարանները, գիտահետազոտական ինստիտուտները, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածը։
Եզրափակելով ելույթը՝ վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ներդրումներ կատարել գիտության և մարդկային կապիտալի մեջ, ինչպես նաև խորացնել միջազգային գործընկերությունը, որպեսզի տիեզերական գիտությունը, տեխնոլոգիաներն ու տվյալները ծառայեն կայուն զարգացմանն ու մարդկության ավելի լավ ապագային։











































Աղբյուր՝ arminfo.info
