Bankomat

Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին. որոշումը կախված է նաև ԵՄ ընդլայնումից

Լուրեր|2026/10/13 14:03
Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին. որոշումը կախված է նաև ԵՄ ընդլայնումից

Վարչապետը ասում է, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները՝ եվրոպական չափանիշներին մոտենալու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Radio France Internationale-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու հարցը կախված է ոչ միայն երկրի ցանկությունից, այլև հենց ԵՄ-ի քաղաքական որոշումից՝ ընդլայնվելո՞ւ է արդյոք միությունը, թե ոչ։ Նրա խոսքով՝ այսօր Եվրամիության ներսում այդ թեմայի շուրջ տարբեր մոտեցումներ կան։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է։ Նա նշել է, որ երկիրը երկար ժամանակ գործել է սահմանափակ արտաքին հնարավորությունների պայմաններում, և այժմ փորձում է ընդլայնել իր ընտրության դաշտը։

Վարչապետի խոսքով՝ անկախ նրանից՝ Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միությունում, կանդամակցի ԵՄ-ին, թե չի լինի ո՛չ ԵՄ-ում, ո՛չ ԵԱՏՄ-ում, երկիրը շարունակելու է բարեփոխումները՝ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Նա հավելել է, որ եթե մի փուլում Հայաստանը լիարժեք համապատասխանի անդամակցության չափանիշներին, այդուհանդերձ երկու հարց կմնա բաց՝ արդյոք ԵՄ-ն կցանկանա ընդունել Հայաստանին, և արդյոք Հայաստանի քաղաքացիները կքվեարկեն այդ ուղու օգտին։

Փաշինյանը հիշեցրել է նաև, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր չէ։ Նրա խոսքով՝ կողմերը դեռ 2016 թվականին ստորագրել էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որի նպատակն է մոտեցնել հայկական և եվրոպական համակարգերը և ներդնել եվրոպական չափանիշներ։ 2018-ից հետո, ինչպես նշել է վարչապետը, հարաբերությունների խորացումը շարունակվել է։

Վարչապետը նաև նշել է, որ 2025 թվականին ընդունվել է օրենք՝ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին, որը ներկայացվել էր քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ 2025 թվականի մարտին Ազգային ժողովը, այն պայմաններում, երբ Հայաստանը շարունակում էր մնալ ԵԱՏՄ անդամ, ընդունեց այդ գործընթացը մեկնարկող օրենքը։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո միության անդամ երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ շեշտել էին, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր հետագա ինտեգրման դիրքորոշումը։ Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի մոտ 14%-ը։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ