Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հնարավոր տարբերակներից մեկը Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալն է, սակայն այդ սցենարը կախված է ոչ միայն Երևանի ցանկությունից։ Radio France International-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Եվրամիությունը ևս պետք է որոշում կայացնի իր ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական նպատակը արտաքին հարաբերություններում այլընտրանքների ձևավորումն է։ Նա ասել է, որ երկար ժամանակ Հայաստանը գործել է սահմանափակ ընտրության պայմաններում, և այժմ իշխանությունների խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երկիրը կունենա ավելի լայն հնարավորություններ։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու՝ երկիրը մնա Եվրասիական տնտեսական միության անդամ, դառնա Եվրամիության անդամ, թե չլինի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի անդամ։ Նրա գնահատմամբ՝ այդպիսի ընտրությունը պետք է ձևավորվի իրական այլընտրանքների առկայության պայմաններում։
Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները՝ երկիրը համապատասխանեցնելով Եվրամիության ստանդարտներին։ Նրա խոսքով՝ եթե ապագայում Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի անդամակցությանը, ապա հարցը կախված կլինի երկու գործոնից՝ ԵՄ-ն կցանկանա՞ ընդունել Հայաստանին, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին։
Փաշինյանի համոզմամբ՝ նույնիսկ եթե օբյեկտիվ պատրաստ լինելու դեպքում Հայաստանը չդառնա Եվրամիության անդամ, երկիրը միևնույն է շահած կլինի, քանի որ կունենա պետություն, որը լիարժեք համապատասխանում է Եվրամիության ստանդարտներին։

Աղբյուր՝ tert.am
