Bankomat

Փաշինյանը Ամուլսարի հանքի գործարկումը ներկայացրել է որպես հաջողված նախագիծ

Լուրեր|2026/10/10 18:02
Փաշինյանը Ամուլսարի հանքի գործարկումը ներկայացրել է որպես հաջողված նախագիծ

Վարչապետը հայտարարել է, որ նախագիծը պետք է նպաստի Հայաստանի տնտեսական աճին և բյուջետային եկամուտներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի պաշտոնական արարողությանը հայտարարել է, որ նախագիծը պետք է ծառայեցվի Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը։ Նրա խոսքով՝ ընդերքը Հայաստանի ժողովրդի սեփականությունն է, և այդ ռեսուրսը պետք է օգնի երկրի տնտեսական առաջընթացին։

Փաշինյանը Ամուլսարի ծրագրի մեկնարկը բնութագրել է որպես «հաջողության պատմություն» և առանձնացրել այն հանգամանքը, որ արարողությունն անցել է առանց մոտակայքում բողոքի ակցիաների։ Նա նշել է, որ տասնյակ քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում բնապահպանական հարցերին պատասխաններ են տրվել, իսկ կառավարությունն այսօր համոզված է, որ նշված ռիսկերը տեղ չունեն։

Ամուլսարի՝ Ջերմուկին հարակից ոսկու հանքավայրը երկար տարիներ եղել է Հայաստանի ամենաաղմկոտ ներդրումային նախագծերից մեկը։ Բնապահպաններն ու հարակից համայնքների մի շարք բնակիչներ պնդել են, որ հանքի շահագործումը կարող է աղտոտման վտանգ ստեղծել առողջարանային գոտու ջրերի, օդի և հողի համար։ Տեղի բնակիչները 2018 թվականից փակ էին պահում հանքավայր տանող ճանապարհը՝ խոչընդոտելով շինարարության մեկնարկը։

Վարչապետը նաև անդրադարձել է տնտեսական ազդեցությանը՝ հիշեցնելով, որ կառավարությունն այս նախագծում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը վերջին հինգ տարիներին միջինում աճել է տարեկան 7.9 տոկոսով, իսկ 2018 թվականից մինչև 2025 թվականի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն աճել է 53 տոկոսով։ Լրացուցիչ բյուջետային եկամուտները, ըստ Փաշինյանի, կարող են ուղղվել ճանապարհների, դպրոցների, լուսավորության և անվտանգության ծրագրերին։

Ամուլսարի ծրագիրն իրականացվում է «Լիդիան Հայաստան» ընկերության և ՀՀ Կառավարության ռազմավարական համագործակցության շրջանակում։ Ընկերությունը նախագծում արդեն ներդրել է շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ Կառավարության կողմից տրված պետական երաշխիքի հիման վրա։ Նախատեսվում է, որ հանքավայրը տարեկան կարտադրի շուրջ 210,000 ունցիա ոսկի։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ