








Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական վարդարտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական թեմաները եղել են արտահանման կազմակերպման և լոգիստիկայի հետ կապված հարցերը։
Քննարկմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Կողմերը անդրադարձել են ջերմատնային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, ինչպես նաև արտահանման խթանման և կազմակերպման համար գործող աջակցության մեխանիզմներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի հետագա զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջերմատնային վարդերի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային բաղադրիչներին, մաքսային ձևակերպումների ընթացակարգերին և ոլորտին առնչվող այլ գործնական խնդիրների։
Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի անխափան և շարունակական աշխատանքը, հայկական ջերմատնային վարդերի արտահանման մրցունակության բարձրացումը և հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը նոր շուկաներում։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից վարդերի և այլ ծաղիկների ներմուծումը։
Աղբյուր՝ www.pan.am
