Bankomat

Ուկրաինայում վեճ է սրվել IDS Ukraine-ի ջրի բիզնեսի շուրջ

Լուրեր|2026/09/10 17:02
Ուկրաինայում վեճ է սրվել IDS Ukraine-ի ջրի բիզնեսի շուրջ

The Guardian-ի տվյալներով՝ ուկրաինական իշխանություններն ու բաժնետերերը հակասության մեջ են ընկերության կառավարման ու հնարավոր ազգայնացման հարցում։

Ուկրաինայում սրվել է հակասությունը IDS Ukraine ընկերության շուրջ, որը արտադրում է երկրում շշալցված ջրի ամենահայտնի ապրանքանիշերից մի քանիսը։ The Guardian-ի փոխանցմամբ՝ վեճի կենտրոնում է վրացական ծագմամբ Պատարակացիշվիլի ընտանիքի 34% բաժնեմասը և ուկրաինական իշխանությունների փորձը՝ վերահսկողություն հաստատելու բիզնեսի նկատմամբ։

Պարբերականի տվյալներով՝ IDS Ukraine-ի ակտիվները սառեցվել էին դեռ 2022 թվականին, քանի որ ընկերության 49%-ը պատկանում էր ռուսաստանցի ներդրողներին, այդ թվում՝ «Ալֆա-Գրուպ»-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին։ Դրանից հետո Ակտիվների որոնման և կառավարման ուկրաինական գործակալությանը հանձնարարվել է ընկերության համար գտնել անկախ կառավարիչ։

The Guardian-ը գրում է, որ IDS Ukraine-ի մյուս փոքրամասնության բաժնետերերի թվում է նաև Վրաստանի կառավարությունը։ Ուկրաինական գործակալության ղեկավար Յարոսլավա Մաքսիմենկոն պարբերականին ասել է, որ կառույցը մի քանի անգամ բախվել է իրավական և բյուրոկրատական խոչընդոտների, այդ թվում՝ բաժնետերերի կողմից ակտիվների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու ձգտման պատճառով։

Մաքսիմենկոյի խոսքով՝ New World Value Fund Limited-ը, որի միջոցով Պատարակացիշվիլի ընտանիքը ներդրում է կատարել IDS Ukraine-ում, գործակալության աշխատակիցների ենթադրյալ ապօրինի գործողությունների մասին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել։ Նա այդ պնդումները որակել է որպես «ապատեղեկատվություն»։

Միևնույն ժամանակ Մաքսիմենկոն հայտարարել է, որ գործակալությունը մտահոգված է հնարավոր փողերի լվացման և ակտիվների դուրսբերման ռիսկերով, եթե ընկերությունը շարունակի մնալ ներկայիս ղեկավարության վերահսկողության տակ։ Սակայն, ինչպես նշում է The Guardian-ը, այս փուլում նման խախտումների վերաբերյալ որևէ ապացույց հրապարակված չէ։

Առանձին դատական գործընթաց է ընթանում Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանում։ Ըստ հրապարակման՝ բաժնետերերը վիճարկում են IDS Ukraine-ի ակտիվների մի մասի կամ ամբողջ ընկերության հնարավոր ազգայնացման փորձերը։ Ուկրաինայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ընկերությունը պատերազմական պայմաններում համարում են ռազմավարական նշանակության ակտիվ։

Պատարակացիշվիլի ընտանիքի ներկայացուցիչը The Guardian-ին ասել է, որ ընտանիքը 2022 թվականից հետևողականորեն աջակցում է Ուկրաինային։ Նրա խոսքով՝ ընտանիքի նկատմամբ իրականացվում են անարդար գործողություններ, և եթե ուկրաինական դատարաններում չհաջողվի հասնել արդարության, ընտանիքը կդիմի միջազգային դատական ատյաններին։

Ընտանիքի դիրքորոշումն այն է, որ ակտիվը չպետք է բռնագանձվի այն բաժնետերերից, որոնք պատժամիջոցների տակ չեն, որոնց նկատմամբ որևէ մեղադրանք չի առաջադրվել և որոնց վերաբերյալ կասկածներ չկան։ Նույն մոտեցումը նրանք պաշտպանում են Ուկրաինայի դատարաններում և պետական մարմիններում ընթացող բոլոր համապատասխան գործընթացներում։

Իր հերթին IDS Ukraine-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայի որևէ իրավասու պետական մարմին, ներառյալ Պետական հարկային ծառայությունը, չի հայտնաբերել ընկերության կողմից փողերի լվացման, միջոցների ապօրինի դուրսբերման կամ այլ համանման ֆինանսական խախտումների փաստեր։ Ընկերության խոսքով՝ հայտնի չէ նաև նման մեղադրանքների հիմքով որևէ հետաքննության կամ ստուգման մասին։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ