
Օմանում Հորմուզի նեղուցի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի քննարկման համար նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Այդ մասին X-ում հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին։
Նրա խոսքով՝ Սալալայում նախատեսված հանդիպման հետաձգման նպատակը կոնսենսուսի հասնելն է։ Նախարարը գրել է, որ Օմանը շարունակում է աջակցել երկխոսությանը, որը պետք է նպաստի տարածաշրջանային կայունությանն ու երկարատև համագործակցությանը։
Իրանական «Ֆարս» գործակալությունը, հղում անելով Արտաքին գործերի նախարարության Պարսից ծոցի հարցերով գրասենյակի գլխավոր տնօրենին, հայտնել է, որ հանդիպումը հետաձգվել է «տարածաշրջանի որոշ երկրների խնդրանքով և Թեհրանի ու Մասկատի համատեղ որոշմամբ»։
Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին։ Այս ջրային ուղին աշխարհում նավթի փոխադրումների կարևորագույն երթուղիներից մեկն է։ Մինչ պատերազմը այստեղով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, մինչդեռ այժմ օրական շատ քիչ նավեր են անցնում։
Reuters-ը, վկայակոչելով նավագնացության հետևող ծառայությունների տվյալները, գրում է, որ հանգստյան օրերին նեղուցով օրական 10-ից էլ քիչ նավ է անցել։ Դա զգալիորեն ցածր է նախորդ 10 օրվա միջինից, որը կազմել է օրական 14 նավ։
Նյութում նաև նշվում է, որ նախօրեին Հորմուզում արկը հարվածել է իրանական նավի․ 1 մարդ զոհվել է, ևս 4-ը՝ վիրավորվել։
Աղբյուր՝ www.azatutyun.am
