Bankomat

Օձունի նախկին մանկապարտեզի շենքը կվերադարձվի համայնքին

Լուրեր|2026/10/12 20:02
Օձունի նախկին մանկապարտեզի շենքը կվերադարձվի համայնքին

Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել 2017 թվականի առուվաճառքի պայմանագիրը։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ Օձուն բնակավայրում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի և հարակից հողատարածքի օտարման գործով։ Այդ մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին դատարան էր դիմել Լոռու մարզի Ալավերդի համայնքի և ֆիզիկական անձի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի փետրվարի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքները։

Դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ի վճռով անվավեր է ճանաչել Օձուն բնակավայրում գտնվող 784,6 քմ մակերեսով մանկապարտեզի շենքով զբաղեցված հողատարածքի, 57.3 քմ մակերեսով շինության, ինչպես նաև 26.52 քմ և 12.77 քմ մակերեսով պարիսպների առուվաճառքի պայմանագիրը։

Որպես անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև նշված գույքի նկատմամբ ֆիզիկական անձի անունով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Գույքերի կադաստրային արժեքը կազմում է 1 միլիոն 888 հազար դրամ։

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն Լոռու մարզի Ալավերդի համայնքին։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ