ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հայտնել է, որ անձնական սպառման ծախսերի գների ինդեքսը (PCE), որը Federal Reserve-ի հիմնական գնաճային ցուցիչն է, օգոստոսին ամսական աճել է 0.3%-ով, իսկ տարեկան՝ 3.4%-ով։ Dow Jones-ի կողմից հարցված տնտեսագետները սպասում էին նույն ամսական աճին, բայց տարեկան՝ 3.7% ցուցանիշի։
Սննդամթերքն ու էներգակիրները չներառող հիմնական PCE-ն ամսական ավելացել է 0.2%-ով, իսկ տարեկան կազմել 3%։ Շուկայի կանխատեսումները այստեղ էլ ավելի բարձր էին՝ համապատասխանաբար 0.3% և 3.3%։ Թեև Fed-ը պաշտոնապես հետևում է ընդհանուր PCE-ին, պաշտոնյաները սովորաբար հիմնական ցուցիչն ավելի լավ չափորոշիչ են համարում երկարաժամկետ միտումների համար։
Տվյալների հրապարակումից հետո ֆոնդային ֆյուչերսները բարձրացան, իսկ Treasury-ների եկամտաբերությունը նվազեց։ Շուկաները փոքրացրին հոկտեմբերին Fed-ի տոկոսադրույքի նոր բարձրացման հավանականությունը և հաջորդ հնարավոր քայլը ավելի շատ կապեցին դեկտեմբերյան նիստի հետ։
Միաժամանակ, զեկույցը ցույց տվեց, որ անձնական եկամուտները աճել են 0.2%-ով, իսկ ծախսերը՝ 0.9%-ով՝ շուկայի 0.4% և 0.8% սպասումների դիմաց։ Առանձին հրապարակման մեջ ԱՄՆ-ի երկրորդ եռամսյակի GDP-ի վերջնական գնահատականը վերանայվել է դեպի վեր՝ մինչև տարեկան 2.2%, ինչը պայմանավորվել է սպառողական և պետական ծախսերի, ինչպես նաև մասնավոր վաճառքների աճով։
Չնայած սպասվածից թույլ գնաճին, և՛ ընդհանուր, և՛ հիմնական PCE-ն դեռ զգալիորեն բարձր են Fed-ի 2% նպատակային մակարդակից։ Օգոստոսի գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են էներգակիրները. բենզինի գները բարձրացել են 4.4%-ով, տրանսպորտային ծառայությունները՝ 1.4%-ով, իսկ էներգետիկ ապրանքներն ու ծառայությունները՝ 2.3%-ով։


Աղբյուր՝ www.cnbc.com
