ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվել է առաջին NVB Frontier Forum-ը, որը միավորել է ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, բիզնեսի հիմնադիրների և ոլորտային փորձագետների։ Միջոցառումը, որն անցկացվել է New Venture Brokerage-ի նախաձեռնությամբ, նվիրված էր նոր ներդրումային հնարավորություններին՝ տիեզերական տեխնոլոգիաներից մինչև արհեստական բանականություն և մասնավոր շուկաներ։
Ֆորումի առանցքային թեմաներից մեկը տիեզերական տնտեսությունն էր։ Manifest Space-ի գլխավոր տնօրեն Նիկ Օրենշտեյնի խոսքով՝ ոլորտը հասել է մի փուլի, երբ մասնավոր ներդրումները կարող են ուղղվել ոչ միայն պետական ծրագրերին առնչվող լուծումներին, այլև առևտրային ընկերություններին։ Նա նշել է, որ մասնավոր հատվածի ակտիվացումը ներդրողներին հնարավորություն է տալիս մասնակցելու տարբեր երկրներում ստեղծվող ընկերությունների զարգացմանը։
Տիեզերական տեխնոլոգիաների թեմայով փորձով կիսվել են նաև EOS Space Technology-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Շիմոն Դվորסקին և GEN Space-ի գործադիր տնօրեն Captain Stefan Recci-ն։ Քննարկումների առանցքում եղել են տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, շուկա դուրս գալու ուղիները և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Մյուս կարևոր ուղղությունը AI ենթակառուցվածքներն էին։ Ֆորումում քննարկվել են GPU հզորությունները, հաշվարկային ենթակառուցվածքները, ներդրումները և AI լուծումների գործնական զարգացումը։ Միջազգային փորձը ներկայացրել է NVIDIA-ի Omniverse ուղղության տնօրեն Դմիտրի Դուկան, իսկ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ Firebird-ի տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանը և Eleveight AI-ի տեխնիկական տնօրեն Արմեն Ռոստամյանը։
New Venture Brokerage-ի տնօրեն Մարիաննա Մովսեսյանի խոսքով՝ ֆորումը հնարավորություն է տվել հաճախորդներին և գործընկերներին մեկ օրում անմիջականորեն լսել ոլորտի ներկայացուցիչներին և սեփական եզրակացություններ անել առաջին ձեռքից ստացված տեղեկությունների հիման վրա։ Նրա գնահատմամբ՝ նման հարթակները նաև ներկայացնում են Հայաստանի տեխնոլոգիական և ներդրումային ներուժը միջազգային մասնագիտական համայնքին ու նոր կապեր ստեղծում Երևանի և գլոբալ շուկաների միջև։
New Venture Brokerage-ը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը մասնավոր ներդրողներին, բիզնեսին և ինստիտուցիոնալ հաճախորդներին առաջարկում է ներդրումային մուտք համաշխարհային ֆինանսական շուկաներ՝ միավորելով հրապարակային և մասնավոր ներդրումային հնարավորությունները մեկ հարթակում։


Աղբյուր՝ armbanks.am
