
Արմավիր համայնքի Նորապատ գյուղում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսել է վթարված կոյուղատար կոլեկտորի վերականգնման աշխատանքները։ Խոսքը 800 միլիմետր տրամագծով կոլեկտորի մասին է, որն ապահովում է տարածքի կոյուղաջրերի հեռացումը։
Ընկերության հաղորդմամբ՝ տարիների շահագործման ընթացքում երկաթբետոնե խողովակները մաշվել և կոռոզիայի են ենթարկվել, իսկ բետոնե հատվածները քայքայվել են։ Դրա հետևանքով կոյուղաջրերի արտահոսք է առաջացել, ինչը տեղում ստեղծել է հակասանիտարական իրավիճակ։
Ստեղծված խնդրին «Վեոլիա Ջուր»-ը արձագանքել է օպերատիվ՝ կարճ ժամկետում անցնելով անհրաժեշտ շինարարական աշխատանքներին։ Նպատակն է հնարավորինս արագ վերականգնել համակարգի բնականոն աշխատանքը։
Երկարաժամկետ լուծման համար հին երկաթբետոնե խողովակները փոխարինվում են 800 միլիմետրանոց պոլիէթիլենային խողովակներով։ Ընկերությունը նշում է, որ այս նյութը ավելի դիմացկուն է կոռոզիայի նկատմամբ և նախատեսված է երկարատև շահագործման համար։
Աղբյուր՝ b24.am
