
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Այդ մասին հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ԱՄՀ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև երկրում համատեղ իրականացվող ծրագրերը։ Նրա խոսքով՝ ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ առաջմղմանը։
Ալեքսանդր Թիմանն իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ-ն ևս շահագրգռված է համատեղ օրակարգի հետևողական առաջմղմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ համագործակցությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են նաև մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։
Աղբյուր՝ hetq.am
