Bankomat

Միրզոյան․ ԵՄ անդամակցության հարցով խորքային հանրային քննարկումներ դեռ չեն եղել

Լուրեր|2026/10/14 22:01
Միրզոյան․ ԵՄ անդամակցության հարցով խորքային հանրային քննարկումներ դեռ չեն եղել

ՀՀ ԱԳ նախարարը Վարշավայում խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման և ընթացիկ աջակցության մասին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված՝ ԵՄ ընդլայնման հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանը։ Քննարկումը կրել է «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագիրը։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ պանելային քննարկման բացման խոսքով հանդես է եկել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը։ Մասնակիցների թվում եղել են նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն։

Հարցին, թե որն է Հայաստանի համար դեպի Եվրոպա շարժման վերջնական նպատակը, Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունները ներկայում աննախադեպ խոր ու սերտ են և ընդգրկում են լայն ոլորտներ։ Նրա խոսքով՝ կողմերը վարում են վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է աշխատանքը Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Նախարարը նաև հիշեցրել է, որ վերջերս ընդունվել է ևս մեկ՝ ժամանակավոր բնույթ ունեցող, սակայն մշտական հիմունքներով գործող առաքելություն, որը պետք է աջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը չի սահմանափակվում միայն քաղաքական երկխոսությամբ, տնտեսությամբ կամ առևտրով, այլ ներառում է նաև անվտանգությունը։

Նա առանձնացրել է նաև տնտեսական բաղադրիչը՝ նշելով, որ թեկնածու երկրի կարգավիճակ չունենալով հանդերձ՝ Հայաստանը ստացել է ԵՄ ինքնավար առևտրային միջոցներ։ Նախարարի գնահատմամբ՝ այս որոշումը միտված է Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։

Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրոպական Միության հետ, որը հնարավորություն կտա մասնակցել աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող ԵՄ առաքելություններին։ Նա նաև նշել է Աճի և դիմակայունության ծրագրի, ինչպես նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում տրամադրված աջակցության մասին։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ