Bankomat

Մեկնարկել է «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Լուրեր|2026/10/03 22:01
Մեկնարկել է «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Այս տարվա թեման ֆիզիկական աշխարհում արհեստական բանականության կիրառումն է։

Ինժեներական քաղաքում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2026» ամենամյա միջոցառումների շարքը։ Այս տարի այն անցկացվում է «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում» խորագրի ներքո և նվիրված է արհեստական բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր անցմանը։

Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։ Նա նշել է, որ արհեստական բանականությունն արդեն կիրառվում է ոչ միայն թվային հարթակներում, այլև ռոբոտաշինության, ինքնավար համակարգերի, խելացի սարքերի և արտադրական նոր լուծումների մեջ։

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությունը նոր հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի համար։ Նա ընդգծել է, որ երկիրը պետք է ոչ միայն օգտագործի այդ տեխնոլոգիաները, այլև մասնակցի դրանց ստեղծմանը՝ զարգացնելով ինժեներական, գիտական և արտադրական կարողությունները, ինչպես նաև կրթության, գիտության, բիզնեսի և պետության համագործակցությունը։

Դավիթ Թադևոսյանը հավելել է, որ «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթը» միայն մասնագիտական հանդիպումների շարք չէ, այլ նաև հարթակ՝ նոր գաղափարներ ձևավորելու և Հայաստանի ինժեներական ներուժը միջազգային տեխնոլոգիական համայնքում ավելի տեսանելի դարձնելու համար։

Միջոցառման բացմանը ելույթ է ունեցել նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա առանձնացրել է ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման, նորարարության խթանման և երկրի միջազգային տեխնոլոգիական դիրքավորման գործում։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ