
Մեծ Բրիտանիան միացել է Եվրամիության երկրների հետ հրատապ խորհրդակցություններին, որոնք վերաբերում են հնարավոր դիզելային ճգնաժամին։ The Times-ի փոխանցմամբ՝ քննարկումների նպատակը Վաշինգտոնի վերջնագրի պայմաններում վառելիքի շուկայում ցնցումները կանխելն է, սակայն կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության հասնել։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ եվրոպական երկրները չեն շտապում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշումը։ Բրյուսելում մտավախություն ունեն, որ եթե որոշում ընդունվի օգտագործել դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները, իսկ նույն ժամանակ Եմենի հութիները փաստացի փակեն Կարմիր ծովը Սաուդյան Արաբիայից մատակարարումների համար, Եվրոպան կարող է կանգնել լուրջ դժվարությունների առաջ։
Միևնույն ժամանակ, թերթի մեկ այլ զրուցակից նշել է, որ եվրոպական որոշ երկրներ, այնուամենայնիվ, պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ Միացյալ Նահանգների հետ։ Բրիտանական կառավարության աղբյուրը Վաշինգտոնի մոտեցումը բնութագրել է որպես «բանակցություններ վարելու անթաքույց մարտավարություն»։
Նրա խոսքով՝ եթե Եվրոպան ընդունի ԱՄՆ-ի պահանջները, իսկ Կարմիր ծովով մատակարարումները դադարեցվեն, դա կարող է հանգեցնել վառելիքի սուր պակասի։ Աղբյուրը շեշտել է, որ ռազմավարական պաշարները նախատեսված են մատակարարումների խափանումների դեպքում որպես բուֆեր ծառայելու համար, ոչ թե գները նվազեցնելու նպատակով։
Ուկրաինայի շուրջ հակամարտությունից հետո, երբ արգելվել է ռուսական նավթամթերքի ներմուծումը, Եվրոպան ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվել ամերիկյան վառելիքի մատակարարումներից։ The Times-ի տվյալներով՝ հատկապես խոցելի է Մեծ Բրիտանիան, որտեղ դիզելի պաշարները բավարարում են ընդամենը 40 օրվա համար, իսկ մատակարարումների մեկ քառորդը գալիս է ԱՄՆ-ից։
Աղբյուր՝ b24.am
