McLaren-ը գրանցել է Remuera և Muriwai նոր ապրանքային նշանները, որոնք, ըստ հրապարակման, հավանաբար նախատեսված են բրիտանական ապրանքանիշի ապագա մոդելների համար։ Եթե այդ տարբերակը հաստատվի, դա կնշանակի, որ ընկերությունը կարող է հրաժարվել միայն ինդեքսային անվանումների ավանդական մոտեցումից՝ ինչպես P1 կամ W1 դեպքերում։
Այս քայլը հաջորդում է McLaren-ի վերջին հայտարարություններին ընկերության վերափոխման մասին։ Ավելի վաղ բրիտանական արտադրողը ներկայացրել էր նոր տարբերանշանը, հայտնել առաջին քրոսովերի մշակման մասին և ազդարարել արդիականացման ծրագրի մեկնարկը։
Ծրագրով նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում երկրորդ ձեռնարկության գործարկման և ածխածնային մանրաթելից արտադրանքի արտադրության կազմակերպման միջոցով։ Ընկերությունը փորձում է ամրապնդել իր արտադրական հնարավորությունները և թարմացնել բրենդի դիրքավորումը։
Remuera և Muriwai անվանումները կապված են ընկերության հիմնադիր Բրյուս Մաքլարենի հետ։ Բրյուս Մաքլարենը ծնվել է նորզելանդական Remuera քաղաքում, իսկ Muriwai-ը այն վայրն է Նոր Զելանդիայում, որտեղ նա առաջին անգամ հանդես է եկել որպես ավտոարշավորդ։
Հրապարակման համաձայն՝ թարմացված լոգոյի գաղափարն էլ կապված է հիմնադրի կենսագրության հետ․ այն ոգեշնչված է Remuera-ում գործող Մաքլարենի բենզալցակայանի ցուցանակից։ Թե կոնկրետ ինչպիսի նոր ավտոմեքենաներ են մշակվում, առայժմ չի բացահայտվում, սակայն նշվում է, որ սուպերմեքենաները կկառուցվեն սեփական պլատֆորմի հիման վրա։

Աղբյուր՝ b24.am
