«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումների իր վերլուծությունը 2026 թվականի հունվար-օգոստոսի համար՝ նշելով, որ տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, սակայն վերջին ամիսներին այդ աճը աստիճանաբար դանդաղում է։ Հունվար-օգոստոսի կուտակային աճը կազմել է 7.3%։
Հիմնադրամի գնահատմամբ՝ ութ ամսվա աճը հիմնականում ձևավորվել է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության հաշվին։ Միևնույն ժամանակ, բարձր աճի ֆոնին օգոստոսին արդյունաբերությունում անկում է գրանցվել, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական, ինչը, ըստ վերլուծության, ցույց է տալիս աճի կառուցվածքի անհավասարակշռության խորացում։
Արտաքին առևտրում արտահանման և ներմուծման դինամիկան շարունակում է շարժվել տարբեր ուղղություններով։ Օգոստոսին արտահանման տարեկան անկումը փոխարինվել է 1.3% աճով, սակայն հունվար-օգոստոսի կուտակային անկումը կազմել է 6.5%։ Նույն ժամանակ ներմուծումը օգոստոսին աճել է 14.9%-ով, իսկ ութ ամսվա կտրվածքով՝ 9.3%-ով, ինչը մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ճնշումը։
«ԼՈՒՅՍ»-ը նաև ուշադրություն է հրավիրում բուսական ծագման արտադրանքի արտահանման վրա. հունվար-հուլիսին այստեղ արձանագրվել է 31.7% անկում։ Հիմնադրամը չի բացառում, որ դրա վրա կարող էին ազդել նաև ՌԴ-ի կողմից հունիսից կիրառված սահմանափակումները։
Հարկաբյուջետային հատվածում հիմնադրամը մտահոգիչ է համարում ծախսերի կառուցվածքը։ 2026 թվականի հունվար-օգոստոսին ընթացիկ ծախսերն աճել են 17.8%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 25.0%-ով, ինչն, ըստ վերլուծության, սահմանափակում է բյուջետային ներդրումներով տնտեսության ներուժի ընդլայնման հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, արտերկրից Հայաստան փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը շարունակում է արագանալ։ 2026 թվականի հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.87 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 716.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց, աճելով 2.61 անգամ կամ 160.6%-ով։ Հիմնադրամի տվյալներով՝ այս ներհոսքը լրացուցիչ աջակցում է ներքին պահանջարկին և արժութային շուկային, իսկ ՀՀ դրամը շարունակում է արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։

Աղբյուր՝ tert.am
