Bankomat

Լեհական KGHM-ը հետաքրքրված է հայկական գործընկերների հետ համագործակցությամբ

Լուրեր|2026/09/13 09:02
Լեհական KGHM-ը հետաքրքրված է հայկական գործընկերների հետ համագործակցությամբ

Քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործընկերության և փորձի փոխանակման հնարավորությունները։

Լեհական պետական հանքարդյունաբերական ընկերություն KGHM-ը հետաքրքրված է հայկական գործընկերների հետ համագործակցությամբ։ Այդ հարցը քննարկվել է սեպտեմբերի 10-ին, երբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ընկերության տնօրեն Ռեմիգիուշ Պաշկևիչի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Ասատուր Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և ներդրումային տեսանկյունից շարունակում է հետաքրքրություն ներկայացնել։

Իր հերթին Ռեմիգիուշ Պաշկևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ KGHM-ը, որը խոշոր հանքարդյունաբերական ընկերություններից է Կանադայում, ԱՄՆ-ում և Լեհաստանում, դիտարկում է համագործակցության հնարավորությունները հայկական ընկերությունների հետ։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ինչպես տեխնոլոգիական համագործակցությանը, այնպես էլ գիտելիքների ու փորձի փոխանակմանը։

Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով ներկայացվել են կողմերի ակնկալիքները, հնարավոր գործընկերության ուղղությունները, ինչպես նաև Հայաստանում գործող խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ