
Կոնվերս Բանկը լեհական Bank Pekao-ի հետ միասին հանդիպում է կազմակերպել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պատվիրակության կազմում եղել են Լեհաստանի պետական համակարգի, ինչպես նաև բիզնես և ֆինանսական համայնքների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացման, բիզնեսի ֆինանսավորման և միջազգային առևտրի զարգացման հարցերը։ Քննարկումների կենտրոնում եղել են հայ-լեհական առևտրի ներուժը և երկու երկրների բանկերի միջև ուղիղ համագործակցության ձևավորման հնարավորությունները։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է, որ ֆինանսական կառույցները կարևոր դեր ունեն հայ-լեհական տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ։ Նրա խոսքով՝ բանկերի միջև ամուր գործընկերությունը կարող է նպաստել նաև երկու երկրների գործարար համայնքների միջև երկարաժամկետ կապերի ձևավորմանը։

Բանկային համագործակցությունը՝ տնտեսական կապերի խթան
Կոնվերս Բանկի գլխավոր տնտեսագետ, Հետազոտությունների և վերլուծությունների բաժնի ղեկավար Արեգ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությունները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները։
Նա ընդգծել է, որ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանից Եվրոպական միություն արտահանումն աճել է 70.7%-ով։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, հայ-լեհական տնտեսական հարաբերությունների ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել, և Լեհաստանի ներկայիս դիրքի ու իրական հնարավորությունների միջև առկա բացը Կոնվերս Բանկը կարող է լրացնել լեհական գործընկեր բանկերի հետ համատեղ աշխատանքի միջոցով։

Հայաստանը՝ լեհական բիզնեսի համար նոր ուղղություն
Bank Pekao-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Լուկաշ Յանուշևսկին շնորհակալություն է հայտնել Կոնվերս Բանկին ընդունելության համար և հանդիպումն անվանել կարևոր ու արդյունավետ։ Նա ասել է, որ լեհ գործարարները հնարավորություն են ստացել տեղում ծանոթանալու ոչ միայն Հայաստանի բանկային համակարգում առևտրի ֆինանսավորման գործիքներին և Կոնվերս Բանկի առաջարկներին, այլև ընդհանուր տնտեսական զարգացումներին ու երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Ինչ կարող է ներառել համագործակցությունը
Կոնվերս Բանկը և Bank Pekao-ն BACEE՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի անդամներ են։ Բանկերի միջև հնարավոր համագործակցությունը կարող է ներառել թղթակցային հարաբերությունների հաստատում, առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառում, արժութային գործառնություններ և գործարար կապերի խթանում։

Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը նշել է, որ բանկը հետևողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը։ Նրա խոսքով՝ Bank Pekao-ի հետ համագործակցությունը այս աշխատանքի բնական շարունակությունն է և կարող է ստեղծել հայ-լեհական առևտրի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածք՝ օգնելով հայաստանյան ընկերություններին ավելի վստահ մուտք գործել Լեհաստանի և եվրոպական շուկաներ, իսկ լեհական ընկերություններին՝ Հայաստանում գտնել վստահելի գործընկեր։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Աղբյուր՝ b24.am
