Վարշավայում մեկնարկել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ը, որտեղ Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոր՝ Lead Sponsor։ Համաժողովը անցկացվում է հոկտեմբերի 8-9-ին և համախմբել է միջազգային ֆինանսական կառույցների, տարածաշրջանի առաջատար բանկերի ղեկավարների ու ոլորտի փորձագետների։
Կոնվերս Բանկը միջոցառմանը ներկայացնում են Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նելլի Քոչարյանը և Ներդրողների հետ հարաբերությունների վարչության պետ Լուսինե Բալանյանը։ Նրանք նախատեսում են մասնակցել նաև համաժողովի մասնագիտական քննարկումներին։
Նելլի Քոչարյանը կներգրավվի BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։ Նա կանդրադառնա միջազգային մասնագիտական հարթակներում, մասնավորապես BACEE-ի շրջանակում ձևավորված համագործակցության փորձին, այդ համագործակցության ընձեռած հնարավորություններին և գործընկերային կապերի հետագա զարգացման ներուժին։
Լուսինե Բալանյանը հանդես կգա «Կայուն ֆինանսավորման դերի վերաիմաստավորումը բանկում» (Rethinking Where Sustainable Finance Sits in the Bank) թեմայով զեկույցով։ Նա կներկայացնի Կոնվերս Բանկի փորձը կայուն ֆինանսավորման ոլորտում՝ խոսելով զարգացմանը նպաստող գործոնների, ֆինանսական պրոդուկտների ձևավորման մոտեցումների և կայուն ֆինանսավորումը բանկի տարբեր ուղղություններում ինտեգրելու կարևորության մասին։
Քննարկումների առանցքում են բանկային ոլորտի զարգացման միտումները, միջազգային համագործակցության նշանակությունը, կայուն և առևտրի ֆինանսավորման առանձնահատկությունները, ռիսկերի կառավարումը, թվային փոխակերպումն ու ոլորտի այլ արդիական թեմաները։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Աղբյուր՝ armtimes.com
