Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Նելլի Քոչարյանը Վարշավայում մասնակցել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։ Քննարկումը նվիրված էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի 30-ամյակին։
Քոչարյանը ներկայացրել է Կոնվերս Բանկի և BACEE-ի միջև ձևավորված գործընկերային կապերը, դրանց գործնական նշանակությունն ու հետագա զարգացման հնարավորությունները։ Նրա խոսքով՝ միջազգային բանկային համագործակցությունը հիմնված է վստահության, ֆինանսական հաստատությունների միջև անմիջական կապերի և յուրաքանչյուր շուկայի առանձնահատկությունների խորքային ընկալման վրա։
Նա նշել է, որ BACEE-ն ստեղծում է հարթակ, որտեղ տարբեր երկրներից բանկերը կարող են բացահայտել ընդհանուր գործարար հետաքրքրություններ և դրանք վերածել փոխշահավետ համագործակցության։ Բանկում այդ համագործակցությունը դիտարկում են ոչ միայն որպես կապերի ընդլայնման, այլև կոնկրետ բիզնես արդյունք ստանալու հնարավորություն։
Որպես միջազգային մասնագիտական համագործակցության օրինակ՝ Քոչարյանը նշել է գերմանական Landesbank Baden-Württemberg-ի հետ իրականացվող Young Talent Exchange ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկի աշխատակիցները հնարավորություն են ստանում վերապատրաստում անցնել եվրոպական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկում։
Նրա գնահատմամբ՝ նպատակը միջազգային մասնագիտական հարթակներում ներկայությունը գործնական արդյունքի վերածելն է՝ նոր ֆինանսական հնարավորությունների ստեղծումից մինչև հայաստանյան ընկերությունների և արտասահմանյան գործընկերների միջև գործարար կապերի զարգացումն ու ընդլայնումը։ Կոնվերս Բանկը BACEE-ին անդամակցում է 2024 թվականից և Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին մասնակցել է որպես գլխավոր հովանավոր։

Աղբյուր՝ armtimes.com
