Bankomat

Կոբախիձե․ TRIPP-ը չի սպառնում Վրաստանի տարանցիկ ուղիներին

Լուրեր|2026/10/04 16:01
Կոբախիձե․ TRIPP-ը չի սպառնում Վրաստանի տարանցիկ ուղիներին

Վրաստանի վարչապետի խոսքով՝ նոր երթուղին կարող է լրացնել Միջին միջանցքը աճող բեռնահոսքի պայմաններում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին TRIPP երթուղին չի համարում Վրաստանով անցնող գործող տրանսպորտային ուղիների մրցակից։ Նրա խոսքով՝ նոր ուղղությունը կարող է լրացնել Միջին միջանցքը, ոչ թե թուլացնել դրա դերը։

Imedi հեռուստաալիքի «Բաց եթեր» հաղորդման ընթացքում Կոբախիձեն ասել է, որ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ։ Այդ աճը, նրա գնահատմամբ, ստեղծում է փոխադրումների դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն։

Վարչապետը նշել է, որ TRIPP-ը կամ որևէ այլ երթուղի, ըստ կառավարության գնահատականի, չի կարող էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական ճանապարհների համար։ Ընդհակառակը, նա ակնկալում է, որ երկրի տարանցիկ նշանակությունը կշարունակի աճել։

Կոբախիձեն դա կապել է ենթակառուցվածքային նախագծերի հետ, այդ թվում՝ Անակլիայի և Փոթիի նավահանգիստների հնարավոր ընդլայնման, ավիացիոն ենթակառուցվածքի զարգացման, ինչպես նաև ավտոմայրուղիների ու երկաթուղու արդիականացման հետ։

Նրա խոսքով՝ կառավարությունը սպասում է մինչև 2031 թվականը ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Երկաթուղու արդիականացումն էլ պետք է ավելացնի թե՛ գնացքների երթևեկության ինտենսիվությունը, թե՛ փոխադրվող բեռների ծավալը։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ