2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի ապրանք։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ այդ ծավալից 17.8 մլն դոլարը բաժին է ընկել նավթամթերքին՝ բենզինին և դիզելային վառելիքին, ևս 109 հազար դոլարը՝ պլաստմասսայե շինարարական դետալներին։
Ադրբեջանից վառելիքի ներմուծումը Հայաստանում լայն քննարկումների թեմա դարձավ դեռ 2025 թվականի դեկտեմբերին, երբ սկսվեցին առաջին մատակարարումները։ Իշխանությունները դա ներկայացրել էին որպես դրական քայլ Հայաստանի տնտեսության և խաղաղության համար, մինչդեռ քննադատները դա գնահատում էին որպես անընդունելի համագործակցություն հակառակորդ երկրի հետ։
Սկզբում հրապարակայնորեն խոսվում էր միայն բենզինի ներմուծման մասին, սակայն հետագայում հայտարարվեց, որ Հայաստան է ներկրվում նաև դիզելային վառելիք։ Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնել էին, որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն՝ 977 տոննա դիզելային վառելիք։
Նավթամթերքի շուկայում Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 6%
Մաքսային ծառայության բաց տվյալների բազայում նավթամթերքը ներկայացված է որպես խոշորացված ապրանքախումբ, որը ներառում է բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք, ինչպես նաև ավելի փոքր ծավալներով մազութ, նավթ ու քսայուղեր։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 299 մլն դոլարի նավթամթերք։ Այս ցուցանիշի մեջ Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 6%։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նավթամթերքի ընդհանուր ներմուծումն աճել է մոտ 30%-ով։
Տարվա առաջին կեսին Հայաստանի համար նավթամթերքի խոշորագույն մատակարարը դարձել է Թուրքիան՝ 20% մասնաբաժնով՝ առաջ անցնելով Ռուսաստանից։ Թուրքիայից ներկրումը կտրուկ աճել է. Հայաստան է մուտք գործել մոտ 61 մլն դոլարի նավթամթերք, ինչը 3.5 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։
Միաժամանակ նվազել են Ռուսաստանից ներկրման ծավալներն ու այդ երկրի կշիռը շուկայում։ Առաջին կիսամյակում Ռուսաստանից ներմուծվել է մոտ 58 մլն դոլարի նավթամթերք, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը 46%-ից նվազել է մինչև 19%։ Նկատելի աճ է արձանագրվել նաև Իրանից և Բուլղարիայից ներկրումների ուղղությամբ։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ խոսքը նավթամթերքի ընդհանուր ապրանքախմբի մասին է, և բենզինի ու դիզելային վառելիքի առանձին ենթախմբերում երկրների մասնաբաժինները կարող են տարբերվել։
Հայաստանից Ադրբեջան արտահանում չի եղել
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ադրբեջան որևէ արտահանում չի իրականացվել։ Արտահանման մաքսային վիճակագրության մեջ Ադրբեջանի անունը բացակայում է, ինչը նշանակում է, որ առևտրի հոսքը եղել է միակողմանի՝ միայն ներմուծման տեսքով։
2025 թվականի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում կլինի։ Նրա խոսքով՝ եթե «քաղաքական արգելք» չկա, ապա բիզնեսը պետք է փորձի օգտվել այդ հնարավորությունից։
2026 թվականի ապրիլին Աղվերանում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպմանը զուգահեռ քննարկում էր տեղի ունեցել նաև հայ և ադրբեջանցի գործարարների միջև։ Օգոստոսին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները։ ՀՀ ԱԳՆ-ն էլ նշել էր, որ գործարարները խոսել են առևտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ։
Սակայն, չնայած այս հայտարարություններին, առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս, որ այդ շփումները հայ արտահանողների համար առայժմ գործնական արդյունք չեն տվել։ Ապրիլին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Հայաստանից Ադրբեջան արտահանվել է 960 դոլարի ծաղիկ, սակայն ավելի ուշ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հերքել էր այդ տեղեկությունը։
Աղբյուր՝ hetq.am
