Bankomat

Կառավարությունը բյուջետային երաշխիքներ կտրամադրի խաղողի մթերումների համար

Լուրեր|2026/09/11 18:01
Կառավարությունը բյուջետային երաշխիքներ կտրամադրի խաղողի մթերումների համար

Որոշումը պետք է օգնի մթերողներին ներգրավել լրացուցիչ վարկեր և թեթևացնել վարկային բեռը։

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել՝ 2026 թվականի խաղողի մթերումների կազմակերպման համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու և գործող աջակցության ծրագրի պայմանները բարելավելու նպատակով։ Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ խոսքը գյուղատնտեսական հումքի մթերումների համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին է։

Փոփոխություններով նախատեսվում է, որ եթե խաղողի մթերումների համար վարկ ստացող տնտեսավարողի ապահովման միջոցները բավարար չլինեն, ապա 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը կառավարությունը կարող է տրամադրել մինչև 50% բյուջետային երաշխիք։ Միաժամանակ, այդ երաշխիքի չափը չի կարող գերազանցել նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը։

Կառավարությունը նաև հնարավորություն է նախատեսել 2024 և 2025 թվականներին տրամադրված վարկերի պայմանները մեղմելու համար։ Ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող են տրամադրվել մինչև 6 ամսով լրացուցիչ արտոնյալ ժամկետներ վարկերի մայր գումարի մարման համար, ինչպես նաև մինչև 6 ամսով երկարաձգվել մարման ժամկետները։ Ընդ որում, յուրաքանչյուր վարկառու այս հնարավորությունից կարող է օգտվել միայն 2024 կամ միայն 2025 թվականին ստացված վարկերի համար։

Միաժամանակ որոշմամբ ամրագրվել է, որ եթե 2024 կամ 2025 թվականներին տրված վարկերի արտոնյալ ժամկետներն ու մարման ժամկետները երկարաձգվեն, ապա այդ վարկերի շրջանակում նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքների գործողության ժամկետները չեն երկարաձգվի։

Կառավարության գնահատմամբ՝ այս մեխանիզմը խաղող մթերող տնտեսավարողներին թույլ կտա լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել նույնիսկ այն դեպքում, երբ գրավային ապահովումը բավարար չէ։ Ակնկալվում է, որ դա կօգնի ապահովել ընթացիկ տարվա մթերումների սահուն ընթացքը և միաժամանակ կթեթևացնի վարկերի սպասարկման բեռը։

Հիմնավորման համաձայն՝ նման բյուջետային երաշխիքներ արդեն կիրառվել են 2021-2022 թվականներին՝ խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023-2025 թվականներին՝ խաղողի մթերումների ընթացքում առաջացած խնդիրները մեղմելու համար։ Մինչև 2023 թվականը տրամադրված երաշխիքները մարվել են սահմանված ժամկետներում, իսկ 2023, 2024 և 2025 թվականներին տրված երաշխիքների մարումները կավարտվեն 2027 թվականի ընթացքում և 2028 թվականի հունվար-մարտ ամիսներին։

Ներկայացված տվյալներով՝ 2023 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության՝ շուրջ 2.7 մլրդ դրամի չափով, 3 տարի 9 ամիս մարման ժամկետով։ 2024 թվականին 4 կազմակերպություն ստացել է շուրջ 3.1 մլրդ դրամի երաշխիքներ՝ 2 տարի 3 ամիս մարման ժամկետով, իսկ 2025 թվականին 6 կազմակերպության համար տրամադրվել է շուրջ 4.6 մլրդ դրամ՝ նույն՝ 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։

Առանձին, չզեկուցվող որոշմամբ գործադիրը հաստատել է նաև այն կարգը, որով խաղողի մթերումների համար լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու դեպքում գրավի չբավարարող մասի մինչև 50%-ի չափով կարող է տրամադրվել բյուջետային երաշխիք։

Որոշմանը անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքը արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ սեզոնային գյուղմթերքի արտահանման քննարկման ժամանակ պետք է հաշվի առնել նաև զբոսաշրջությունը, քանի որ զբոսաշրջիկը նույն միրգն ու բանջարեղենը գնում է Հայաստանում։ Վարչապետը նաև ընդգծել է, որ այս տարվա զբոսաշրջային հոսքերը թույլ են տվել իրավիճակը պահել կառավարելի և խաղաղ պայմաններում Հայաստանի զբոսաշրջային ներուժը լիարժեք օգտագործելու խոչընդոտներ չկան։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ