Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում որոշել է պահուստային ֆոնդից հատկացնել 93.5 մլն դրամ՝ COP-17-ին մասնակցելու համար Երևան ժամանող 74 ամենաքիչ զարգացած և փոքր կղզիային զարգացող պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների ծախսերը հոգալու նպատակով։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականին Նյու Յորքում Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև ստորագրված համաձայնագրով ընդունող կողմը պարտավորվել է ֆինանսավորել այդ երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչների մասնակցության ծախսերը։
Խոսքը վերաբերում է COP-17-ի բարձր մակարդակի հատվածին, որը նախատեսված է Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 27-28-ին։ Նախատեսվում է ֆինանսավորել վերը նշված յուրաքանչյուր երկրից մեկ բարձրաստիճան պատվիրակի՝ նախարարական մակարդակի ներկայացուցչի մասնակցությունը։
Ծախսերի մեջ ներառված են ավիատոմսերը և մինչև 3 օր տևողությամբ գործուղման հետ կապված ծախսերը Երևանում։ Բարձրաստիճան ներկայացուցիչների գործուղման հաշվարկը կատարվել է ՄԱԿ-ի 2026 թվականի հուլիսին հրապարակված օրապահիկների շրջանառու տեղեկագրի հիման վրա, ըստ որի՝ Երևանում մեկ գիշերակացի չափը սահմանվել է 213 ԱՄՆ դոլար։
Մեկ պատվիրակի ավիատոմսի միջին արժեքը հաշվարկվել է 2500 ԱՄՆ դոլար՝ դրամային արտահայտությամբ։ Ռիսկերը նվազեցնելու համար՝ փոխարժեքի տատանումների կամ ավիատոմսերի միջին գնի շեղումների դեպքում, հաշվարկում ներառվել են նաև 10% չափով չնախատեսված ծախսեր։
Հաշվարկը կատարվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ հիմք ընդունելով 2026 թվականի հուլիսի 27-ին սահմանված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը՝ 365.87 դրամ։

Աղբյուր՝ finport.am
