Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում որոշում է ընդունել հանրապետության դպրոցներ տանող ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման և կառուցման համար հատկացնել 1.09 մլրդ դրամ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ միջոցները կուղղվեն 9.8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների արդիականացմանը։ Այդ հատվածներից 9.6 կմ-ը հիմնանորոգվելու է, իսկ 200 մետրանոց ճանապարհահատվածում նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ։
Ծրագրի պատվիրատուները մարզպետարաններն են։ Աշխատանքների հիմնական մասը կիրականացվի հենց դրանց միջոցով, իսկ մնացած մասը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում կարդիականացվի 61 ճանապարհ՝ 99.1 կմ ընդհանուր երկարությամբ։ Ճանապարհների մեծ մասում աշխատանքներն արդեն մեկնարկել են, և նախատեսվում է դրանք ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին։

Աղբյուր՝ finport.am
