Հայաստանի Հանրապետության «Մարդկության գլոբալ առաջընթացին բարձր տեխնոլոգիաների միջոցով ներդրման համար» պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիրը Կամ Ղաֆարյանն է։ Նա IBX, Axiom Space, Intuitive Machines, X-energy և Quantum Space ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր է։
Դափնեկրի անունը հայտարարվել է մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և Synopsys Armenia-ի տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի գործադիր խորհրդի ու միջազգային ընտրող հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանը։ Նրանք հայտնել են, որ Կամ Ղաֆարյանը, որը նաև Axiom Space-ի գործադիր նախագահն է, նոյեմբերին կայցելի Հայաստան։
Աղբյուրի համաձայն՝ Կամ Ղաֆարյանի մասնագիտական ուղին ձևավորվել է դեռ մանկության տարիներին՝ Apollo 11-ի պատմական լուսնավայրէջքից հետո։ 2024 թվականի փետրվարին Intuitive Machines-ի Odysseus տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռային շրջանում՝ դառնալով Apollo 17-ից հետո լուսնի մակերեսին հասած առաջին ամերիկյան սարքը և այս տեսակի առաջին առևտրային առաքելությունը։
Axiom Space-ը, որի համահիմնադիրն է Կամ Ղաֆարյանը, NASA-ի հետ իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ առևտրային անձնակազմով տիեզերական առաքելություններ և առևտրային ուղեծրային ենթակառուցվածքի զարգացում։ Լուսնի հարավային բևեռի ուսումնասիրությունը գիտական մեծ նշանակություն ունի, քանի որ մշտապես ստվերում գտնվող խառնարաններում կարող են լինել սառույցի պաշարներ, իսկ տեղանքի պայմանները խոստումնալից են նաև արևային էներգիայի օգտագործման համար։
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ ներդրման պետական մրցանակը հաստատվել է 2009 թվականի հուլիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Այն ամեն տարի շնորհվում է այն անձանց, որոնց ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաներում ունեցել են նշանակալի և փոխակերպող ազդեցություն։ Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Synopsys Armenia-ն է, իսկ Viva-ն արդեն 17 տարի հանդիսանում է այս պետական մրցանակի գլխավոր գործընկերը։

Աղբյուր՝ en.b24.am
