Johnson & Johnson-ը FDA-ի ամառային թույլտվությունից հետո ակտիվորեն մուտք է գործում ընդհանուր վիրաբուժության ռոբոտների շուկա՝ խաղադրույք կատարելով իր նոր Ottava համակարգի վրա։ Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ նախագիծը միանգամից մեծ ֆինանսական արդյունք չի տա, սակայն երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ MedTech բիզնեսի աճի հիմնական շարժիչներից մեկը։
Ottava-ն հաստատվել է ընդհանուր վիրաբուժության 10 միջամտության համար, այդ թվում՝ լեղապարկի և փայծաղի հեռացման, gastric bypass-ի, ճողվածքի վերականգնման որոշ տեսակների և ծանր թթվային ռեֆլյուքսի բուժման վիրահատության համար։ Johnson & Johnson-ում ակնկալում են, որ հետագայում համակարգի կիրառությունը կընդլայնվի նաև այլ ճողվածքային միջամտությունների, ինչպես նաև ուրոլոգիայի և գինեկոլոգիայի ուղղություններով։
Ընկերությունը շեշտում է, որ Ottava-ի գլխավոր տարբերակիչ հատկանիշը նրա կառուցվածքն է։ Ռոբոտական թևերը ծալվում և ինտեգրվում են անմիջապես վիրահատական սեղանին, ինչը, ըստ Johnson & Johnson-ի, թույլ է տալիս համակարգին զբաղեցնել 30%-ից 50%-ով պակաս տարածք, քան ավանդական ռոբոտային հարթակները։ Ղեկավարության կարծիքով՝ սա կարող է կարևոր փաստարկ դառնալ հիվանդանոցների համար, որոնք ցանկանում են ընդլայնել ռոբոտային վիրաբուժությունը՝ առանց նոր վերանորոգման կամ ենթակառուցվածքների մեծացման։
J&J-ը նաև հենվում է վիրահատարաններում իր երկարամյա ներկայության վրա։ Ethicon բրենդի միջոցով ընկերությունը վաղուց է մատակարարում կարանյութեր, stapler-ներ, էներգետիկ սարքեր և այլ վիրաբուժական գործիքներ։ Duke University-ի վիրաբուժության դոցենտ դոկտոր Jacob Greenberg-ի խոսքով՝ այդ լայն պորտֆելը կարող է J&J-ին հնարավորություն տալ Ottava-ն փաթեթավորել այլ գործիքների հետ և այդպիսով հեշտացնել համակարգի ներդրումը հիվանդանոցներում։
Վիրաբուժական ուղղությունն արդեն այժմ J&J-ի MedTech ստորաբաժանման ամենախոշոր հատվածն է։ Տարվա առաջին վեց ամիսներին այս բիզնեսը կազմել է $5.16 միլիարդ հասույթ, ինչը 4.3%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, և մոտ 30% է MedTech-ի ընդհանուր վաճառքներից։ Ընկերությունը միաժամանակ առանձնացնում է նաև սրտանոթային և տեսողության բիզնեսները, իսկ օրթոպեդիկ ակտիվների առանձնացման կամ վաճառքի գործընթացը, որը հայտարարվել էր 2025 թվականի հոկտեմբերին, պետք է ավարտվի 18-24 ամսում։ Այդ քայլը, ըստ ընկերության, թույլ կտա կենտրոնանալ ավելի արագ աճող և ավելի բարձր մարժայով շուկաների վրա։
Շուկայի ներուժը մեծ է։ Precedence Research-ի գնահատմամբ՝ ԱՄՆ-ում վիրաբուժական ռոբոտների շուկան կարող է աճել մոտ $4.4 միլիարդից 2025 թվականին մինչև $18.75 միլիարդ 2035 թվականին։ Աշխարհում նույն ցուցանիշը, ըստ կանխատեսման, կավելանա $14.45 միլիարդից 2026 թվականին մինչև մոտ $50.29 միլիարդ 2035 թվականին։ Աճը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդները նախընտրում են ավելի քիչ և ավելի փոքր կտրվածքներով միջամտություններ։ Միևնույն ժամանակ UCSF Health-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում վիրահատությունների մեկ քառորդից պակասն է այսօր իրականացվում ռոբոտային եղանակով, ինչը, J&J-ի գնահատմամբ, շուկայի ընդլայնման տեղ է թողնում։
Այնուամենայնիվ, Johnson & Johnson-ը մտնում է մի ոլորտ, որտեղ գերիշխող խաղացողը Intuitive Surgical-ն է։ Կալիֆոռնիայի Sunnyvale քաղաքում հիմնված ընկերության da Vinci համակարգը FDA-ի առաջին թույլտվությունը ստացել է դեռ 1997 թվականին, իսկ 2000 թվականին նաև վիրահատությունների կատարման թույլտվություն, ինչից հետո դարձել է ոլորտի ստանդարտը։ Այժմ շուկայում da Vinci-ի հինգերորդ սերունդն է. da Vinci 5-ը FDA-ի թույլտվությունը ստացել է 2024 թվականին։ Ընկերության տվյալներով՝ հարթակի գործարկումից ի վեր դրա միջոցով բուժվել է ավելի քան 20 միլիոն հիվանդ, իսկ 2025 թվականին da Vinci-ով իրականացված միջամտությունների թիվն աճել է 18%-ով՝ անցնելով 3.1 միլիոնը։
Հունիսի վերջի դրությամբ աշխարհում տեղակայված էր 11,710 da Vinci համակարգ, ինչը 12%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դրանցից 6,615-ը եղել են ԱՄՆ-ում, իսկ 5,095-ը՝ ԱՄՆ-ից դուրս։ Միայն երկրորդ եռամսյակում Intuitive-ը տեղադրել է ևս 468 համակարգ, որոնց մոտ 60%-ը՝ ԱՄՆ-ում։ Ընկերության դիրքերը ամրապնդվում են նաև ճկուն ֆինանսավորման մոդելներով՝ ուղիղ գնման, ֆիքսված վճարումների և օգտագործման վրա հիմնված պայմանագրերի միջոցով։
Intuitive-ի բիզնես մոդելը հիմնված է ոչ միայն համակարգերի վաճառքի, այլև միջամտությունների ընթացքում օգտագործվող գործիքների և աքսեսուարների վրա։ FactSet-ի գնահատմամբ՝ հենց այդ կատեգորիան այս տարի կարող է կազմել Intuitive-ի կանխատեսվող $11.76 միլիարդ հասույթի մոտ 60%-ը, մինչդեռ համակարգերի վաճառքը կկազմի մոտ 25%, իսկ մնացածը՝ ծառայություններից ստացվող եկամուտը։ Սա նոր մրցակիցների համար լրացուցիչ դժվարություն է ստեղծում, քանի որ շուկայում կարևոր են ոչ միայն սարքը, այլև բժիշկների ծանոթությունը հարթակին ու սպասարկման գլոբալ ցանցը։
Մրցակցությունը, սակայն, Intuitive-ով չի սահմանափակվում։ Medtronic-ի Hugo համակարգը FDA-ի թույլտվությունը ստացել է 2025 թվականի դեկտեմբերին՝ սկզբում ուրոլոգիական միջամտությունների համար, իսկ հետագայում նախատեսվում է ընդլայնում ընդհանուր վիրաբուժության և գինեկոլոգիայի ոլորտներ ԱՄՆ-ում։ Եվրոպայում Hugo-ն արդեն մի քանի տարի է՝ շուկայում է։ Medtronic-ի գլխավոր տնօրեն Geoff Martha-ի խոսքով՝ ֆինանսական տարվա ավարտին Hugo-ով կատարված միջամտությունների թիվը կգերազանցի 50,000-ը, իսկ տեղադրված համակարգերի թիվը կհասնի 250-ի։
Որոշ վերլուծաբաններ Ottava-ի հեռանկարների հարցում զգուշավոր են։ Wall Street-ում կան կասկածներ, թե որքան մեծ դեր այն ի վերջո կունենա փափուկ հյուսվածքների ռոբոտային վիրաբուժության շուկայում։ Oppenheimer-ի վերլուծաբանները, օրինակ, օգոստոսին նշել էին, որ ԱՄՆ-ում ներկայիս մրցակցությունը դեռևս «ոչ էական գործոն» է Intuitive-ի համար, ինչպես նաև մատնանշել էին Ottava-ի որոշ աշխատանքային և ստերիլիզացիոն դժվարություններ և սահմանափակ արտադրական հզորությունները 2026 և 2027 թվականներին։ Միևնույն ժամանակ նրանք ամբողջությամբ չեն բացառում J&J-ի հաջողությունը և գնահատում են, որ 2030 թվականին ընկերությունը կարող է ունենալ ԱՄՆ շուկայի 15%-ը, մինչդեռ Intuitive-ին կարող է բաժին ընկնել 75%-ը, իսկ մյուսներին՝ 10%-ը։
J&J-ը խոստովանում է, որ կոմերցիոն ընդլայնումը փուլային է լինելու։ Ընկերությունը հայտարարել է, որ սկսելու է ընտրված հիվանդանոցների փոքր խմբից և միայն հետո կընդլայնի գործիքների, ցուցումների և աշխարհագրությունների շրջանակը։ Զուգահեռաբար այն փորձում է ստանալ կարգավորող գրանցումներ նաև Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում։ Գնային մոդելի շուրջ մանրամասները դեռ չեն բացահայտվում, մինչդեռ Intuitive-ը CNBC-ին հայտնել է, որ երկրորդ եռամսյակում da Vinci-ի գնված համակարգերի միջին վաճառքի գինը կազմել է $1.59 միլիոն։
Johnson & Johnson-ի ղեկավարության համոզմամբ՝ Ottava-ն կարող է դառնալ այս տասնամյակում շուկա բերվող ամենանշանակալի MedTech նորարարություններից մեկը։ Բայց ներդրողների համար հիմնական հարցը մնում է նույնը՝ որքան արագ ընկերությունը կկարողանա Ottava-ն վերածել ոչ թե միայն տեխնոլոգիական նախագծի, այլ զգալի եկամուտ և շուկայի մասնաբաժին ապահովող բիզնեսի։
Աղբյուր՝ www.cnbc.com
