
Իռլանդիան, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհրդում, պատրաստվում է ներկայացնել Եվրամիության բազմամյա բյուջեն ավելի քան 100 մլրդ եվրոյով կրճատելու նախագիծ։ Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ նման սցենարի դեպքում կրճատվելու են ֆերմերներին տրամադրվող սուբսիդիաները, ինչպես նաև տարածաշրջանային ֆինանսավորման մի մասը։ Սա այն ուղղություններից է, որոնց շուրջ անդամ երկրների միջև տարաձայնությունները շարունակում են խորանալ։
Խնայողությունների այս տարբերակին դեմ է 17 երկրից բաղկացած «Համախմբվածության բարեկամներ» խումբը, որի անդամների թվում են Իտալիան, Իսպանիան և Լեհաստանը։ Եվրոպացի անանուն դիվանագետի խոսքով՝ նոր փաստաթղթում ներառված կրճատումները «չեն ուրախացնի «Համախմբվածության բարեկամներին»»։
Politico-ի տեղեկություններով՝ նոր բյուջեի ընդունման ընթացքի վրա ազդում են նաև Եվրոպական խորհրդարանում զուգահեռ ընթացող բանակցությունները։ Քաղաքական ուժերի միջև տարաձայնությունների պատճառով այդ գործընթացը կարող է ձգձգվել։
ԵՄ բազմամյա բյուջեն հաստատվում է յոթ տարի ժամկետով։ Այժմ բանակցություններ են ընթանում հաջորդ բազմամյա ֆինանսական ծրագրի շուրջ, որի ծավալը, Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն, գնաճը հաշվի առնելով պետք է կազմի 1.76 տրլն եվրո։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, որը զգալի ներդրում ունի ԵՄ բյուջեում, այդ չափը չափազանց բարձր են համարում։
Աղբյուր՝ b24.am
