Սեպտեմբերի 23-ին Երևանից Թեհրան նախատեսված երեք չվերթներից մեկը չեղարկվել է, իսկ հաջորդ օրվա երկու չվերթներից ևս մեկը չի կայանալու։ Միաժամանակ դեպի Թավրիզ նախատեսված վաղվա չվերթի ժամանակացույցում փոփոխություն չկա։ Տեղեկությունը հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջում։
Թեման նոր արդիականություն է ստացել այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 8-ին հայտարարեց Իրանի քաղաքացիական ավիացիայի նկատմամբ սահմանափակումների մասին՝ տնտեսական խիստ պատժամիջոցների շրջանակում։ Դրան հաջորդեց Ադրբեջանի որոշումը՝ դադարեցնել իրանական ավիաընկերությունների չվերթները։ Ադրբեջանական մամուլը այդ քայլը կապում է պատժամիջոցների խստացման հետ։
Այս ֆոնին հարց է առաջացել՝ արդյոք Հայաստանը ևս կարող է բախվել Իրանի հետ քաղաքացիական ուղևորափոխադրումները սահմանափակելու պահանջի։ Իրանագետ Նվեր Դավթյանի գնահատմամբ՝ պատժամիջոցների տեսանկյունից դեռ ամբողջովին պարզ չէ, թե ինչով էր պայմանավորված Ադրբեջանի որոշումը։ Սակայն Հայաստանի դեպքում առանցքայինը պաշտոնական Երևանի դիրքորոշումն է՝ ինչպես է այն բացատրելու թռիչքների պահպանման անհրաժեշտությունը և ինչ փաստարկներ է ներկայացնելու Միացյալ Նահանգներին։
Դավթյանի խոսքով՝ ներկայիս փուլում Հայաստանը պետք է հիմնավորի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների անհրաժեշտությունը ոչ միայն ավիահաղորդակցության, այլև ընդհանուր տնտեսական կապերի մասով։ Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառության կառուցվածքը ցույց է տալիս՝ Իրանից ներմուծվող ապրանքները հիմնականում նախատեսված են Հայաստանի ներքին սպառման համար և դրանց զգալի մասը կենսական անհրաժեշտության ապրանքներ են։
Իրանագետի գնահատմամբ՝ այս իրավիճակում խոսք չի գնում այնպիսի սխեմայի մասին, երբ Իրանը կարող էր Հայաստանը օգտագործել պատժամիջոցները շրջանցելու կամ Եվրոպայի և այլ երկրների հետ գործարքներ իրականացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույն կարգավիճակում չէ, ինչ, օրինակ, Հնդկաստանը։
Նվեր Դավթյանը նաև նշել է, որ այս պահին իրավիճակը դեռ չի հասել այն կետին, երբ Հայաստանը ստիպված լինի ընտրություն կատարել Իրանի հետ հարաբերությունների և Արևմուտքի պահանջների միջև։ Նրա խոսքով՝ միջազգային դերակատարներն էլ դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե հետագայում ինչպիսին են լինելու իրենց հարաբերությունները Իրանի հետ։ Ռազմական գործողությունների ակտիվ փուլ, նրա գնահատմամբ, չկա, բայց մյուս ուղղություններով հակամարտությունը շարունակվում է, և դեռ պարզ չէ, թե ինչ պայմանավորվածություններ կձևավորվեն և դրանցից որոնք կկատարվեն։
«Ա1+»-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ չվերթների չեղարկման պատճառների և Իրանի հետ օդային հաղորդակցության հնարավոր սահմանափակումների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։

Աղբյուր՝ www.aravot.am
