
Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին փոխանցել է Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման յոթ պայման, որոնք արդեն հավանության են արժանացել երկրի բարձրագույն ղեկավարության կողմից։ Այդ մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանական բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով՝ մինչև այդ պահանջների կատարումը նեղուցը փակ կմնա։
Աղբյուրը միաժամանակ նշել է, որ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավարկության հարցերով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն նշանակում, թե ջրուղին արդեն բացվել է։ Նա չի հրապարակել Թեհրանի ներկայացրած յոթ պայմանների բովանդակությունը, սակայն ընդգծել է, որ նավարկության վերսկսման մասին վերջնական որոշումը կախված է ԱՄՆ գործողություններից և իրանական կողմի պահանջների կատարումից։
Ըստ Tasnim-ի զրուցակցի՝ ինտենսիվ տեխնիկական և դիվանագիտական բանակցություններից հետո Թեհրանն ու Մասկատը օգոստոսի վերջին հասել են վերջնական պայմանավորվածության։ Առաջիկայում դրա մասին նախատեսվում է հայտարարել Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների ներկայությամբ։
Աղբյուրը հատուկ ընդգծել է, որ համաձայնագիրը կնքվել է բացառապես Իրանի և Օմանի միջև։ Տարածաշրջանի մյուս երկրները, ինչպես նաև Իրաքը, սպասվող հանդիպմանը կմասնակցեն միայն համաձայնեցված երթուղիներին և տարանցման պայմաններին ծանոթանալու համար։
Ձեռք բերված պայմանավորվածությամբ սահմանվել են Պարսից ծոց մուտք գործելու և այնտեղից դուրս գալու նոր երթուղիներ Հորմուզի նեղուցով։ Մուտքի երթուղին ամբողջությամբ կանցնի Իրանի տարածքային ջրերով, իսկ ելքի երթուղու մի մասը նույնպես կլինի իրանական ջրերում։ Այս ուղիներով տարանցումը կիրականացվի Իրանի սահմանած արձանագրությունների համաձայն։
Եթե պայմանավորվածությունն իրականացվի, կփակվի հարավային երթուղին, որի բացմանը նախկինում ձգտում էր ԱՄՆ-ը և որը դարձել էր լարվածության հիմնական աղբյուրներից մեկը։ Իրանում այս համաձայնագիրը դիտարկում են որպես քայլ՝ Հորմուզի նեղուցով անցնող երթուղիների նկատմամբ երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ։
Աղբյուր՝ lurer.com
