Bankomat

Ինչու է Թրամփի համար կարևոր դիզելային վառելիքի շուրջ պայմանավորվածությունը

Լուրեր|2026/10/13 13:39
Ինչու է Թրամփի համար կարևոր դիզելային վառելիքի շուրջ պայմանավորվածությունը

Սպիտակ տունը հույս ունի, որ մատակարարումների շուրջ պայմանավորվածությունը կթուլացնի գների ճնշումը ԱՄՆ-ում։

Ինչու է Դոնալդ Թրամփին այդքան անհրաժեշտ դիզելային վառելիքի գործարքը

Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ՝ փորձելով զսպել էներգակիրների թանկացումը ԱՄՆ-ում, գրում է Financial Times-ը։ Պարբերականի գնահատմամբ՝ Սպիտակ տունը ցանկանում է մեղմել վառելիքի գների ճնշումը Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից առաջ։

Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների ֆոնին նավթի և դիզելային վառելիքի գներն աճել են, ինչը, ըստ հրապարակման, հարվածում է ինչպես անձամբ Թրամփի, այնպես էլ Հանրապետական կուսակցության վարկանիշին։ Citigroup-ի էներգետիկ ռազմավարության բաժնի ղեկավար Էնթոնի Յուենը նշել է, որ այն ընտրատարածքներում, որտեղ հանրապետականներն ունեն ուժեղ աջակցություն, սովորաբար դիզելային վառելիքի սպառումն ավելի բարձր է։

BNP Paribas Securities China-ի ներկայացուցիչ Վեյ Լին ԱՄՆ-ում վառարանային վառելիքի ֆյուչերսների գների անկումը կապել է Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ լավատեսության հետ։ Նրա խոսքով՝ հենց այդ պայմանագրերն են ամերիկյան շուկայում դիզելային վառելիքի գների ձևավորման կարևոր հենակետերից մեկը։

Գործարքը քննադատության է արժանացել Եվրամիությունում։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այդ մոտեցումը կեղծավորություն է անվանել։

Հուլիսին Եվրոպայում վառելիքի պաշարները նվազել էին մինչև 2022 թվականից ի վեր ամենացածր մակարդակը՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների կրճատման ֆոնին։ ԱՄՆ-ում սեպտեմբերին դիզելային վառելիքի գինը հասել էր մեկ գալոնի դիմաց 6.23 դոլարի, իսկ բենզինը թանկացել էր մինչև 4.32 դոլար։ Դրանից հետո Թրամփը եվրոպական երկրներից պահանջել էր անհապաղ ազատել դիզելային վառելիքի լրացուցիչ պաշարները՝ սպառնալով հակառակ դեպքում արգելել դրա արտահանումը ԱՄՆ-ից։

Հոկտեմբերի սկզբին G7-ի երկրները և Միջազգային էներգետիկ գործակալությունը որոշել էին շուկա դուրս բերել մինչև 100 միլիոն բարել դիզելային վառելիք՝ նավթամթերքի գների աճը զսպելու նպատակով։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ