Bankomat

IDBank-ը զգուշացնում է ղեկավարի անունից իրականացվող խաբեության մասին

Լուրեր|2026/09/30 13:35
IDBank-ը զգուշացնում է ղեկավարի անունից իրականացվող խաբեության մասին

Բանկը նկարագրել է «Fake Boss» սխեման և աշխատակիցներին խորհուրդ տվել կրկնակի ստուգել հրատապ ֆինանսական հանձնարարությունները։

«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին

IDBank-ը նախազգուշացնում է գործատուի կամ անմիջական ղեկավարի անունից իրականացվող կորպորատիվ խաբեության մասին, որը հայտնի է որպես «Fake Boss» կամ «CEO fraud»։ Սխեման կառուցված է այն բանի վրա, որ աշխատակիցը, ստանալով իբր ղեկավարից եկած հրատապ հաղորդագրություն, առանց հավելյալ հարցերի կատարում է փոխանցում կամ փոխանցում կարևոր տվյալներ։

Բանկի նկարագրությամբ՝ զեղծարարները կարող են ստեղծել կեղծ օգտահաշիվ ղեկավարի անունով և լուսանկարով, կեղծել էլեկտրոնային փոստի հասցեն կամ նույնիսկ մուտք գործել իրական հաշիվ։ Ավելի բարդ դեպքերում կիրառվում են նաև դիպֆեյքեր՝ ղեկավարի ձայնով կամ տեսանյութով։ Թիրախում սովորաբար հայտնվում են այն աշխատակիցները, որոնք հասանելիություն ունեն ֆինանսներին կամ զգայուն կորպորատիվ տեղեկությանը։

Նման հաղորդագրություններում, որպես կանոն, պահանջվում է անհապաղ գումար փոխանցել նոր գործընկերոջը, փոխել մատակարարի բանկային տվյալները, ուղարկել գաղտնի փաստաթղթեր կամ տրամադրել ներքին համակարգի գաղտնաբառը։ Երբեմն աշխատակցին նաև համոզում են օգտագործել սեփական միջոցները՝ հետագայում դրանք ամբողջությամբ փոխհատուցելու խոստումով։

IDBank-ը նշում է, որ խաբեության հիմնական գործիքը ղեկավարի հեղինակությունն է։ Զեղծարարները ճնշում են գործադրում՝ շեշտելով, թե հարցը հրատապ է, գաղտնի է և գտնվում է ղեկավարության վերահսկողության տակ։ Բանկը նաև հիշեցնում է, որ եթե վճարումը նախաձեռնվում է լիազորված աշխատակցի կողմից պաշտոնական բանկային ուղիներով, այն համակարգում դիտվում է որպես վավեր, իսկ գումարի վերադարձը հետագայում կարող է գրեթե անհնար դառնալ։

Ռիսկերը նվազեցնելու համար բանկը խորհուրդ է տալիս միշտ վերստուգել ոչ ստանդարտ հանձնարարությունները, չպատասխանել նույն նամակագրությամբ, այլ օգտագործել կապի երկրորդ ուղի՝ օրինակ զանգահարել ղեկավարին արդեն հայտնի համարով։ Բանկը նաև հորդորում է չշրջանցել կորպորատիվ ընթացակարգերը «հրատապության» պատրվակով և խոշոր կամ ոչ ստանդարտ փոխանցումների համար սահմանել առնվազն երկու պատասխանատու աշխատակցի հաստատում։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ