IDBank-ը, իր հիմնադրման 35-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում, Մատենադարանի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր և պայմանագիր։ Նախաձեռնության շրջանակում Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում կստեղծվի նոր կենսաբազմազանության այգի։
Նախագծի գաղափարակիցն ու իրականացնողը «Armenian Tree Project» հիմնադրամն է։ Նախատեսվում է, որ այգին կդառնա Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ կներկայացվեն հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ։
Սա IDBank-ի և Մատենադարանի առաջին համատեղ նախաձեռնությունն է։ Հուշագրի ստորագրումից առաջ հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել Մատենադարանում, իսկ համագործակցության մեկնարկը նշանավորվել է խորհրդանշական արարողությամբ․ Մատենադարանի Պատվո կամարին ավելացվել է նաև IDBank-ի անունը։
Բանկին՝ ի դեմս վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի, հանձնվել է նաև «Բարերար Մատենադարանի» մեդալը։ Աբրահամյանի խոսքով՝ բանկի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է, իսկ ավելի անվտանգ ու կանաչ ապագա կառուցելու համար անհրաժեշտ է միավորել բիզնեսի, մշակույթի, բնապահպանական ոլորտի և հանրային հատվածի ջանքերը։
IDBank-ում նշում են, որ կանաչ և կայուն Հայաստանը բանկի ռազմավարության հիմնասյուներից է։ Այդ մոտեցման օրինակներ են արդեն իրականացված բնապահպանական ծրագրերը, այդ թվում՝ Մոսկովյան պուրակի բարեկարգումն ու «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը, իսկ Մատենադարանում ստեղծվող այգին այդ շարքի նոր նախաձեռնությունն է։

Աղբյուր՝ b24.am
