
Իրանի հետ կապեր ունեցող հութի զինյալները վերահսկողություն են հաստատել Եմենի Մոխա նավահանգստի նկատմամբ Կարմիր ծովում։ Reuters-ը, հղում անելով ռազմական աղբյուրներին, գրում է, որ այդ զարգացումը լրացուցիչ սպառնալիք է ստեղծում համաշխարհային էներգակիրների մատակարարումների համար։
Գործակալության փոխանցմամբ՝ Եմենի կառավարության չորս ռազմական աղբյուրներ նշել են, որ հութիները նոր լծակ են ստացել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ։ Այդ ջրային ուղին համարվում է աշխարհի կարևորագույն ծովային միջանցքներից մեկը։ Նույն աղբյուրների խոսքով՝ հարձակումներ են իրականացվում նաև ռազմավարական Հանիշ կղզիների ուղղությամբ։
Reuters-ը հիշեցնում է, որ հութիները Իրանի կողմից ներգրավվել են ընթացող պատերազմում՝ մարտի 28-ին հարձակվելով Իսրայելի վրա։ Սակայն խումբը հիմնականում պասիվ էր մնում մինչև հուլիս, երբ հայտարարեց Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, իսկ սեպտեմբերին ուժգնացրեց հարձակումները թագավորության դեմ։
Սաուդյան Արաբիան, որն աշխարհում նավթի ամենախոշոր արտահանողն է, ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվել Կարմիր ծովի երթուղուց, քանի որ Հորմուզի նեղուցը փաստացի փակվել է։ Մինչ պատերազմը համաշխարհային սպառման համար նախատեսված նավթի մոտ 20 տոկոսը տեղափոխվում էր հենց Հորմուզով։
Reuters-ի տեղեկություններով՝ Էր-Ռիյադը Պակիստանի միջոցով Իրանին նախազգուշացրել է զսպել հութի դաշնակիցներին։ Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փոխանցել է, որ Թեհրանը պատասխանել է՝ չի վերահսկում հութիներին։
Նավթի մատակարարման ուղիների՝ և՛ Հորմուզի նեղուցով, և՛ Կարմիր ծովով, խիստ խաթարման ֆոնին Brent տեսակի նավթի գինը նախօրեին գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի դիմաց։ Սա ցույց է տալիս, որ ռազմական էսկալացիան արդեն վերածվում է նաև շուկայական ճնշման համաշխարհային էներգետիկ համակարգի համար։

Աղբյուր՝ www.azatutyun.am
