Bankomat

Հորմուզի նեղուցում հարված է հասցվել իրանական առևտրային նավին

Լուրեր|2026/09/14 11:01
Հորմուզի նեղուցում հարված է հասցվել իրանական առևտրային նավին

Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են։

Նավեր Հորմուզի նեղուցում, արխիվ

Կիրակի առավոտյան Հորմուզի նեղուցում՝ Հենգամ կղզու մերձակայքում, արկը հարվածել է իրանական առևտրային նավին։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է անձնակազմի տասն անդամներից մեկը, ևս չորսը վիրավորվել են։ Գործակալությունը հղում է անում Իրանի Քեշմ կղզու նահանգապետին։

Քեշմի նահանգապետ Հոսեյն Ամիր Թեյմուրին հայտնել է, որ խոսքը կոնտեյներային նավի մասին է, իսկ միջադեպի բոլոր հանգամանքները դեռ քննվում են։ Նրա խոսքով՝ արկի ծագման, տեսակի և հարվածի մանրամասների մասին առայժմ հրապարակային տեղեկություն չի տրվել։

Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգակիրների փոխադրման կարևորագույն ուղիներից է։ Financial Times-ի տվյալներով՝ այս տարվա փետրվարի 28-ին Իրանի շուրջ ռազմական հակամարտության սկսվելուց հետո նեղուցում հարձակման են ենթարկվել ավելի քան յոթ տասնյակ առևտրային նավեր։ Մինչ պատերազմը հենց այս երթուղով էր տեղափոխվում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։

Պարբերականի գնահատմամբ՝ ԱՄՆ-ը և Իրանը փորձում են Հորմուզում հաստատել իրենց կանոնները, և այդ դիմակայությունն ուղեկցվում է, այդ թվում, նավերի վրա հարձակումներով։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ