Ճապոնական Honda ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2030 թվականի մարտը համաշխարհային շուկայում կներկայացնի առնվազն 15 նոր հիբրիդային մոդել։ Ընկերությունը կենտրոնանում է նոր սերնդի հիբրիդային մեքենաների վրա՝ էլեկտրական մեքենաների 0 Series նախագծից հրաժարվելուց հետո կրած շուրջ 9 միլիարդ դոլարի կորուստների ֆոնին։
Honda-ի նոր «Honda Hybrid» համակարգով համալրված առաջին ավտոմեքենաները շուկա դուրս կգան արդեն հաջորդ տարի։ Ընկերությունը փորձում է վերադասավորել իր մոդելային շարքը՝ շեշտը դնելով զանգվածային պահանջարկ ունեցող հիբրիդների վրա։
Նոր մոդելները կստանան նաև e-AWD էլեկտրական լիաքարշակ համակարգ, որը թույլ է տալիս առանձին էլեկտրաշարժիչով շարժման մեջ դնել ետևի անիվները։ Honda-ը նշում է, որ այս լուծումը պետք է համատեղի վառելիքի խնայողությունն ու վարելու հարմարավետությունը։
Ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ի շուկայի համար նախատեսված խոշոր հիբրիդային ամենագնացներում նոր V6 շարժիչի, էլեկտրաշարժիչների և կատարելագործված մարտկոցի համադրությունը կարող է վառելիքի ծախսը ներկայիս ոչ հիբրիդային մոդելների համեմատ նվազեցնել 30%-ով։
Բացի խոշոր ամենագնացներից՝ Honda-ը մտադիր է թարմացնել նաև միջին չափի մոդելները, այդ թվում՝ CR-V-ն և Civic-ը։

Աղբյուր՝ lurer.com
