
Հնդկաստանում հաջորդ սեզոնին շաքարի համախառն արտադրությունը կարող է կազմել 29-31 մլն տոննա։ Այդպիսի գնահատական են տվել Bloomberg-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները, թրեյդերները և ոլորտի ներկայացուցիչները։
Համեմատության համար՝ ընթացիկ սեզոնի վերաբերյալ Indian Sugar and Bio Energy Manufacturers Association (ISMA)-ը կանխատեսում է 31 մլն տոննա արտադրություն։ Սա նշանակում է, որ շուկան արդեն հաշվի է առնում առաջարկի հնարավոր սեղմումը աշխարհի խոշորագույն սպառողներից մեկում։
Ռիսկերի հիմնական աղբյուրներից մեկը եղանակային պայմաններն են։ International Sugar Organization (ISO)-ն նախազգուշացրել է, որ Էլ Նինյոյի ուժգնացումը կարող է վնասել Ասիայի մի շարք երկրների բերքին և շաքարի համաշխարհային շուկայում ձևավորել մոտ 260 հազար տոննայի պակասուրդ։ Հնդկաստանի համար այս գործոնը հատկապես կարևոր է, քանի որ երկրի գյուղատնտեսությունը մեծապես կախված է մուսոնային տեղումներից, որոնք այժմ նորմայից 15%-ով ցածր են։
Արտադրության նվազման սպասումները արդեն ազդում են գնային դինամիկայի վրա։ Նյու Յորքում շաքարի ֆյուչերսներն այս տարի թանկացել են մոտ 30%-ով, իսկ ներքին շուկայում բարձր գները ստիպել են իշխանություններին միջամտել։
Գները զսպելու համար Հնդկաստանի իշխանությունները թույլատրել են չզտված շաքարի անմաքս ներմուծումը։ Բացի այդ, սահմանափակումներ են սահմանվել դիլերների և մեծածախ սպառողների պաշարների նկատմամբ, որպեսզի շուկայում պահպանվի բավարար առաջարկը։
Նյու Դելիում կայացած ոլորտային համաժողովում Gradient Commercial Pvt.-ի տնօրենների խորհրդի անդամ Յաթին Վադհվանան հայտարարել է, որ վերջնական պաշարներ ձևավորելու համար երկիրը, հնարավոր է, հաջորդ տարի ստիպված լինի շաքար ներմուծել։ Նրա խոսքով՝ ներքին շուկայում ներկայիս գները, ամենայն հավանականությամբ, գործարաններին կմղեն ավելի շատ շաքար արտադրել՝ էթանոլի փոխարեն։
Bloomberg-ի հարցման 11 մասնակիցներից վեցը կարծում են, որ շաքարը չի ուղղվի էթանոլի արտադրությանը։ Եվս հինգը ենթադրում են, որ գործառնական պաշարները համալրելու համար Հնդկաստանը երկրորդ տարին անընդմեջ ստիպված կլինի շաքար ներմուծել։
Covrig Analytics-ի առաջատար վերլուծաբան Կլաուդիու Կովրիգի գնահատմամբ՝ գործող քվոտայի սպառումից հետո Հնդկաստանը կարող է արդեն հաջորդ տարի սկսել շաքար ներմուծել՝ պաշարները համալրելու նպատակով։ Նրա կանխատեսմամբ՝ արտադրությունը կնվազի նաև 2027/2028 սեզոնին, իսկ ներմուծման ծավալը կարող է հասնել 2-3 մլն տոննայի։
Միաժամանակ իշխանությունները ոլորտի ներկայացուցիչներին կոչ են արել շաքարի գները պահել ողջամիտ մակարդակում և տոնական սեզոնի ընթացքում ապահովել բավարար մատակարարումներ։ Կառավարությունը հայտարարել է, որ ուշադիր կհետևի գներին և ամսական կտրվածքով կվերահսկի արտադրության ծավալները։
Հնդկաստանն աշխարհում շաքարի խոշորագույն սպառողն է և երկրորդ խոշորագույն արտադրողը, ուստի երկրի արտադրության ցանկացած փոփոխություն կարող է զգալի ազդեցություն ունենալ համաշխարհային շուկայի վրա։
Աղբյուր՝ b24.am
