Երևան համայնքի կողմից ներկայացված դիմումը `«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել էր վարույթ 2022 թվականի մարտին։ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Հովհաննես Եղյանը։
Երևան քաղաքի ավագանու 2017 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 53-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի միջև 2018 թ. հունվարի 25-ին կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին տրամադրվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի 3100.7 քմ մակերեսով տարածքը՝ մշակութային գործունեություն ծավալելու և գույքի վերանորոգման ծրագիր իրականացնելու նպատակով:
Ըստ դիմումատու Երևան համայնքի, «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը, հանդիսանալով մշակութային կենտրոնի մշակութային գործունեություն և վերանորոգման ներդրումային ծրագիր իրականացնող, չի կատարել մշակութային կենտրոնի անհատույց օգտագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որի արդյունքում վերջինիս 90-օրյա ժամկետը գերազանցող դրամական պարտավորությունները Երևան համայնքի նկատմամբ կազմում են 180.098.377 ՀՀ դրամ:
Դատարանը դիմումը բավարարել էր՝ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին ճանաչելով սնանկ:
Աղբյուր՝ www.aravot.am
