
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սկսել է իր ավտոպարկի հերթական համալրումը՝ նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով։ Ընկերությունում նշում են, որ քայլի նպատակը վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետության և օպերատիվության բարձրացումն է։
Նախագծով նախատեսված 25 նոր «Pickup» տեսակի մեքենաներն ու 3 ավտոաշտարակներն արդեն տրամադրվում են մարզային մասնաճյուղերին։ Այս տեխնիկան օգտագործվելու է ցանցում արտակարգ իրավիճակների և վնասվածքների վերացման աշխատանքներում։
ՀԷՑ-ը հայտնում է, որ առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։ Դրանք ևս կուղղվեն այն ստորաբաժանումներին, որոնք ներգրավված են վթարավերականգնողական աշխատանքներում։
Ընկերության տվյալներով՝ նոր մեքենաներն ու հատուկ տեխնիկան ծառայելու են բացառապես վթարավերականգնողական խմբերին։ Ակնկալվում է, որ դա կօգնի ավելի արագ արձագանքել խնդիրներին և բարելավել աշխատանքների կազմակերպումը մարզերում։
Աղբյուր՝ armtimes.com
