Հայաստանյան շատ բանկեր խստացնում են կանխիկով ռուսական ռուբլի մուտքագրելու պայմանները՝ մի քանի անգամ բարձրացնելով միջնորդավճարները:
«Ինեկոբանկն», օրինակ, այսօրվանից ընդհանրապես դադարեցնում է կանխիկով ռուսական ռուբլու մուտքագրումը՝ հայտնելով, որ հուլիսի կեսերից ռուսական կանխիկ ռուբլի մուտքագրելու համար պահելու է գումարի 10 տոկոսը: Նման հաղորդագրություն՝ 10 տոկոս միջնորդավճար սահմանելու մասին ստացել են նաև «Այդիբանկի», «Արարատբանկի», «Արդշինբանկի» հաճախորդները:
«Կոնվերսբանկ»-ում, ըստ զանգերի կենտրոնի տրամադրած տեղեկատվության՝ հիմա 5 տոկոս է միջնորդավճարը, իսկ «Հայէկոնոմ»-ում՝ 2, բայց հաջորդ շաբաթվանից այս երկու բանկն էլ դարձյալ 10 տոկոս կվերցնեն կանխիկ ռուբլի մուտքագրելու համար:
5 տոկոս է միջնորդավճարը «Ամերիաբանկ»-ում, այստեղից նշեցին, որ կանխիկ ռուբլի մուտքագրելիս պարտադիր պետք է նշել նաև եկամտի աղբյուրը. Համեմատության համար՝ կանխիկ դոլար ու եվրո մուտք անելը նույն «Ամերիաբանկ»-ում անվճար է:
Կենտրոնական Բանկ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իրենց կողմից որոշում կամ ցուցում միջնորդավճարների մասով չկա, բանկերն ինքնուրույն են որոշում, թե ինչ պայմաններ սահմանեն այս կամ այն գործարքի համար:
«Բանկերը, ելնելով գործող կարգավորումներից, սեփական ռիսկերի գնահատումից և ռիսկերի կառավարման քաղաքականությունից, ինքնուրույն են որոշում կայացնում հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու և որոշակի ծառայություններ, այդ թվում՝ դրամական միջոցների մուտքագրման, մատուցելու պայմանների վերաբերյալ»,- հայտնում են Կենտրոնական բանկից:
Ուշագրավ է, որ հայաստանյան բանկերը ոչ միայն մեծ միջնորդավճար են սահմանել կանխիկ ռուբլով հաշիվը համալրելու համար, այլև մեծ տարբերություն են սահմանել կանխիկով առքի ու վաճառքի միջև:
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը ևս նկատել է այս միտումը:
«Մեր բանկերում, սովորաբար, ռուսական ռուբլու առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը»,- Ֆանյանն ասում է:
Ռուսաստանի կենտրոնական բանկն օրերս հաստատել է, որ ռուսաստանցիները երկրի ներսում սկսել են ավելի շատ գումար կանխիկացնել:
Աղբյուր՝ www.azatutyun.am
