
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են հրաժարվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով հաշտության համաձայնագրերի կիրառությունից և ապահովել, որ պետությանը վերադարձվի այդ գույքի ամբողջ ծավալը։
Գործող կարգավորման համաձայն՝ եթե նման գործով կնքվում է հաշտության համաձայնագիր, պետությանը փոխանցվում է գույքի արժեքի առնվազն 75 տոկոսը, իսկ մինչև 25 տոկոսը կարող է մնալ պատասխանողի մոտ։
Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է վերացնել այդ նորմը։ Նրա խոսքով՝ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգում գործող 25 տոկոսի դրույթը պետք է այլևս չգործի։
Վարչապետը նշեց, որ պետությունը բավական ժամանակ էր տվել այդ հնարավորությունից օգտվելու համար։ «Մենք տվել ենք այդ հնարավորությունը, 8 տարվա ընթացքում նրանք դրանից չեն օգտվել, հիմա պետք է դա զրոյացնել։ Նրանք պետք է վերադարձնեն ամբողջ 100 տոկոսը», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները պետք է ամբողջությամբ բացառեն նման հաշտության համաձայնագրերի կնքման հնարավորությունը։
Աղբյուր՝ arka.am
