Սնանկացած «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» (Atlantis European Airways) հայկական ավիաընկերության կողմից նախկինում շահագործված 3 ինքնաթիռներից մեկը սկսել է թռիչքներ կատարել Իրանում:
Հիշեցնենք, որ «Ատլանտիսը» սնանկ է ճանաչվել 2020-ի սեպտեմբերին «Յունիբանկի» պահանջով, որը, ավիատորների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն, ավիաընկերության իրական տերն էր, չնայած փաստաթղթերով դրա սեփականատերը երեւանցի Կարեն Բդոյանն էր:
Սնանկացած ավիաընկերության շարժակազմում կար 3 հատ Airbus A320 տիպի օդանավ, որոնք Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-32002, EK-32003 եւ EK-32008: Սնանկությունից 3 տարի անց՝ 2023-ի նոյեմբերին, այս ինքնաթիռները դուրս են բերվել (ապագրանցվել են) ՀՀ օդանավերի ռեգիստրից:
Այսպես՝ EK-32002-ը Հայաստանում գրանցված էր 2003-2005 թթ. (այն ժամանակ կրում էր այլ գրանցում՝ EK-32007) եւ շահագործվում էր «Արմավիայի» կողմից: 2017-2023 թթ. բորտը գրանցված էր «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» կազմում:
EK-32003-ը «Ատլանտիսի» կազմում գրանցված էր 2018-2023 թթ.:
Իսկ ահա EK-32008-ը հայկական ավիացիայի հնաբնակներից էր: Այն հայկական ռեգիստրում էր 2003-2023 թթ.: 2003-2013 թթ. գտնվում էր «Արմավիայի» շարժակազմում, իսկ ավելի ուշ մտել էր «Ատլանտիսի» ավիապարկ:
EK-32002-ն ու EK-32008-ը վերջին անգամ թռիչքներ կատարել էին 2020-ի աշնանը, իսկ EK-32003-ը՝ դրանից ավելի շուտ: Մինչեւ 2023-ի նոյեմբեր այս 3 օդանավերը չէին շահագործվում, կանգնած էին «Զվարթնոցում», սակայն շարունակում էին մնալ ՀՀ օդանավերի ռեգիստրում:
«Ատլանտիսը» դրանց շահագործողն էր, սակայն սեփականատերերն այլ ընկերություններ էին, որոնց մասին տարբեր առիթներով «Հետքը» գրել է: Ըստ այդմ՝ EK-32002-ի սեփականատերը կիպրական Arolova Enterprises Limited-ն էր, EK-32003-ինը՝ Բելիզում գրանցված Gratsyn Enterprises Corp.-ը, իսկ EK-32008-ինը՝ հայկական «Յունիբանկ» ԲԲԸ-ն:
ՀՀ ռեգիստրից դուրս բերվելուց հետո օդանավերը շարունակում էին կանգնած մնալ «Զվարթնոցում»: Ապագրանցումից 2 տարի անց՝ 2025-ին, դրանք հայտնվեցին Իրանում:
Գրել էինք, որ Հայաստանից դուրս բերվելուց առաջ ինքնաթիռները գրանցվել էին Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան կղզիների օդանավերի ռեգիստրում, իսկ հետո մեր երկրից տեղափոխվել էին Իրան:
Իրան տեղափոխվելուց հետո օդանավերը կարող են կամ պահեստամաս դառնալ, կամ վերսկսել թռիչքային գործունեությունը:
Ներկայումս, ըստ ավիացիոն տեղեկատուների, EK-32008-ը, որը Իրան մեկնելուց առաջ ստացել էր կոմորյան D6-LAE գրանցումը, արդեն թռիչքներ է կատարում:
Այսպիսով, «Ատլանտիսի» նախկին ինքնաթիռները դարձել են Իրանի ավիացիոն շուկայի ցանկալի թիրախ:
Աղբյուր՝ hetq.am
