Bankomat

Հայաստանում նախատեսում են վերանվանել երկու պետական կոմիտե

Լուրեր|2026/10/02 00:03
Հայաստանում նախատեսում են վերանվանել երկու պետական կոմիտե

Կառավարությունը նաև ուզում է դրանք հանել նախարարական ենթակայությունից և դարձնել անմիջապես կառավարության ենթակա։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթի, որով նախատեսվում է վերանվանել Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն։ Նախագիծը նաև նախատեսում է, որ այս երկու կառույցները նախարարությունների փոխարեն անմիջապես ենթարկվեն կառավարությանը։

Խոսքը վերաբերում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններին ու լրացումներին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկվում է վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողային և ջրային կոմիտե։

Նախարարի խոսքով՝ կառավարության 2026–2031 թվականների ծրագրում ջրային ենթակառուցվածքների և ոլորտի զարգացման խոշոր առաջնահերթություններ կան՝ խմելու ջրի, ոռոգման ջրի և մաքրման կայանների ուղղություններով։ Նա նաև նշել է, որ ջրային ոլորտին առնչվող որոշ գործառույթներ այժմ իրականացվում են ոչ միայն Ջրային կոմիտեի, այլև Էկոնոմիկայի նախարարության կողմից, մասնավորապես՝ հողի մոնիթորինգի և արդյունավետ կառավարման մասով։

Դավիթ Խուդաթյանի գնահատմամբ՝ Պետական ակտիվների կառավարման կոմիտեի ստեղծումը թույլ կտա պետական ակտիվների կառավարման կազմակերպական ենթակայությունը համապատասխանեցնել դրա գործառույթների ծավալին և ապահովել միասնական պետական քաղաքականություն այս ոլորտում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հողային և ջրային կոմիտե» անվանը, ասել է, որ պետական մարմինների անվանակոչման և բրենդավորման հարցում պետք է հաշվի առնել քաղաքացիների հուզական կապը ինստիտուտների հետ։ Նրա խոսքով՝ անվանումը պետք է մարդկանց համար հասկանալի լինի և, հնարավորության դեպքում, համահունչ հնչի հանրային ընկալումներին։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ ջրի կառավարման հարցը չի կարելի տարանջատել հողի կառավարումից, քանի որ ոռոգման ջրի վերջնական հասցեատերը հողն է։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ