Bankomat

Հայաստանում կստեղծվի սպորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ

Լուրեր|2026/09/12 03:02
Հայաստանում կստեղծվի սպորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ

Կառավարությունը ծրագրի համար կհատկացնի 20.4 մլն դրամ։

Հայաստանի կառավարությունը 20.4 մլն դրամ կհատկացնի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Հարցը ներկայացնելով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սպորտի ոլորտի կառավարման բարեփոխումը հնարավոր չէ առանց պատշաճ թվայնացման և կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա ոլորտային քաղաքականությունը կառուցել փաստերի և տվյալների վրա։

Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը սպորտի զարգացման ուղղությամբ հետևողական քայլեր է անում՝ առաջնորդվելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությամբ։ Սակայն այժմ ոլորտում չկա միասնական տվյալների բազա կամ գործող կառավարման տեղեկատվական համակարգ, ինչի հետևանքով հավաքագրվող տեղեկությունը հաճախ լինում է մասնակի, թերի կամ ուշ թարմացվող։

Անդրեասյանի գնահատմամբ՝ տվյալների մշակման և փոխանակման ընթացքում թղթային փաստաթղթաշրջանառության գերակշռությունը, երկարատև ընթացակարգերը և ավելորդ վարչարարությունը նվազեցրել են կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունն ու վերահսկողությունը։ Նա շեշտել է, որ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը հրատապ է, իսկ դրա ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են։ Այժմ նախատեսվում է մշակել հենց ծրագիրը։

Նոր համակարգը փուլային տարբերակով պետք է դառնա ոլորտի միասնական ռեեստր։ Դրանում ներառված տվյալները կօգտագործվեն վիճակագրության, ոլորտային քաղաքականության մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, ինչպես նաև մոնիթորինգի և վերահսկողության համար։

Համակարգի երեք հիմնական բաղադրիչները

Առաջին բաղադրիչը վերաբերում է մարզադպրոցների թվայնացմանը։ Դա հնարավորություն կտա վարել սպորտով զբաղվող երեխաների և երիտասարդների ճշգրիտ վիճակագրություն և հետևել նրանց առաջընթացին։

Նախարարի խոսքով՝ քանի որ այս համակարգը փոխկապակցված է լինելու Education Management Information System-ի հետ, հնարավոր կլինի համադրել աշակերտների տվյալներն ու հաճախումները՝ օգտագործելով նաև դպրոցական համակարգի տվյալները։

Երկրորդ բաղադրիչը ներառում է բարձր նվաճումների սպորտին և մարզական ֆեդերացիաների գործունեությանը վերաբերող տվյալների թվայնացումը։ Համակարգը հնարավորություն կտա ֆեդերացիաների ֆինանսավորման հայտերը ստանալ էլեկտրոնային եղանակով, կազմակերպել ֆինանսավորման գործընթացը և միաժամանակ բարձրացնել հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։

Նույն հատվածում տեսանելի կդառնան նաև մարզիկների մարզական ուղիները։ Հավաքագրված տվյալները կարևոր կլինեն որոշումների ընդունման համար, այդ թվում՝ զինվորական ծառայությունից տարկետման համակարգի կիրառման հարցում։ Ինչպես նշել է Ժաննա Անդրեասյանը, այս կերպ հնարավոր կլինի հստակ տեսնել, թե ինչպես են ձևավորվում Հայաստանի հավաքականները և ինչ արդյունքներ են գրանցում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև այլ մրցաշարերում։

Երրորդ բաղադրիչը վերաբերում է մասսայական սպորտին։ Այս ուղղությամբ նախատեսվում է հավաքագրել հանրության ֆիզիկական ակտիվության ցուցանիշները, այդ թվում՝ մարզասրահների հաճախումների մասին տվյալներ։

Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման հարցն արդեն քննարկվել և հավանության է արժանացել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ